Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«2007 թ. ծանուցումների համար ծախսվել է 207 մլն 135 հազար դրամ» (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Օրակարգում ներառված է « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի» փաթեթը։ Զեկուցողը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, որը նշեց, խնդրո առարկա օրենքը ընդունվել է 1990թ. , և այն պարունակում է թերություններ։

« Օրենքը չի համապատասխանում Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների որոշումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային», - նկատեց նախարարը։

Հարկադիր կատարման ոլորտում խնդիրներ կան, որոնք, ըստ Զեյնալյանի,  բացասական են ազդում Հայաստանի գործարար միջավայրի վրա։

«Ներկայումս դատարանները մերժում են կատարողական թերթերի տրամադրումը և դա ձևակերպում են դատարանի գրությամբ և ոչ թե որոշում կայացնելու, քանի որ օրենքը չի նախատեսում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ։ Արդյունքում մարդիկ խնդիրներ են ունենում գրությունների բողոքարկման առնչությամբ։ Այս նախագծով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվել են, որ կատարողական թերթ տալու դիմումի մերժումը ենթակա է բողոքարկման»,- պարզաբանեց Արտակ Զեյնալյանը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ծանուցումների իրականացումը հանգեցնում է ֆինանսական ծախսերի։

Օրինակ` 2007 թ. ծանուցումների համար ծախսվել է 207 մլն 135 հազար դրամ։ Ըստ նախարարի՝ այս նախագծերի փաթեթով առաջարկվում է ծանուցումները դարձնել ավելի արդյունավետ։ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցներին առաջնությունը տրվելու է էլեկտրոնային ծանուցմամբ։ Ֆիզիկական անձանց ծանուցումը նախատեսվում է իրականացնել փոստային առաքմամբ, իսկ եթե ժամկետի ապահովման խնդիր կա, ապա պատվիրված նամակով, ընդ որում ցանկացած մարդ իրավունք է ունենալու դիմել հարկադիր կատարողների մարմին և ծանուցումները ստանալ էլեկտրոնային ծանուցմամբ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։