Գագիկ Հարությունյանի հրաժարականի տարոսը Սահմանադրականին. Արամ Մանուկյանը շնորհավորում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումներին մասնակցում է նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա ելույթի սկզբում բոլոր ներկաներին շնորհավորեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով, ինչին ի պատասխան լսվեցին դահլիճում ներկա գտնվողների ծափահարությունները:
«Սա գործնական քայլ է, որի մասին հիմա մենք խոսում ենք: Տարոսը՝ Սահմանադրականին »,- նկատեց Արամ Մանուկյանը:
Անցումային արդարադատության իրականացումը իշխանափոխության վերջնական փուլին կհասցնի: Արամ Մանուկյանը կարծում է, որ իշխանության 3-րդ ճյուղը՝ դատականը՝ սաբոտաժ է անում:
«Մենք ունենք 4 գործ, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետո դիմել ենք Վերաքննիչ դատարան, սակայն 4-ն էլ վարույթ չի ընդունվել, մերժվել է: Լկտի սաբոտաժ է: Քոչարյանի դատը ապացուցեց, որ այդ իշխանությունը սաբոտաժ է անում»:
Արամ Մանուկյանը առաջարկում է հրատապ վիրահատական մի քանի քայլ անել, որը պարտադիր է, որպեսզի այդ համակարգը աշխատի: Նպատակը համակարգի աշխատացնելն է, որևէ մեկին պատժելը երկրի համար նպատակ լինել չի կարող»,- հավելեց նա:
Արամ Մանուկյանը իր հետ գիրք էր բերել խորհրդարան, որը հրապարակել են մեկ տարի առաջ: Գիրքը ուղարկել է նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:
«42 դատավորի, 27 դատախազի անուն կա գրքում, որոնց նկատմաբ հարկավոր է ոչ թե վեթթինգ իրականացնել, այլ քրեական հետապնդում: Դրանք այն մարդիկ են, որոնք 1 ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի հոդված են տվել»,- շեշտեց Արամ Մանուկյանը: