Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Քաղաքականություն

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Ինչ-որ մի տեղից պատվեր ստանալուց հետո  Դանիել  Իոաննիսյանը սկսեց սուտ լուրեր տարածել, որոնք հիմք չունեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանի  հայտարարությանը, թե Վանեցյանը  մտերիմ է որոշ քրեական հեղինակությունների հետ: Մասնավորապես՝ Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ:

«Ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին (Թոխմախի Բաբո), որը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետն է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ես աշխատել եմ Էրեբունի վարչական շրջանում   որպես ազգային անվտագության բաժնի պետ, և ի պաշտոնե՝ ես շփվել եմ  նրա հետ և այո, նորմալ հարաբերություններ ունեմ այդ անձի հետ: Արշակ Հակոբյանին (Վովայի Արշակ) ծանոթ եմ դեռևս 1996 թվականից, երբ ես ծառայում էի բանակում, իսկ ինքը աշխատում էր ռազմական ոստիկանությունում:  Արշակ Հակոբյանի  հետ երբևէ  մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել: Արամ Վարդանյանի (Վստրեչի ապեր) հետ շփվել եմ մեկ կամ երկու անգամ գործնական, ինքը կատարել է իրավախախտում և ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն՝  հարցաքննության նպատակով: Այլ շփումներ այդ մարդկանց հետ չունեմ: Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը»,- պարզաբանեց ԱԱԾ-ը տնօրենը:

Վանեցյանը անդրադարձավ նաև վերջին օրերին  անընդհատ քննարկվող վեթթինգի մասին: Հարցին, թե միայն դատական համակարգում պետք է  իրականացվի՞ այն, թե՞ այլ մարմիններում էլ, նա պատասխանեց.

«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ՝  ողջ պետական համակարգում, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պաշտոնյայի կապերի, գործերի օրինականության և ունեցվածքի մասին»:

 

 Տեսանյութերը՝ Ազատություն ռադիոկայանի