Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իշխանություն չկա, որ ընդդիմություն լինի․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հայաստանում ստեղծվել է մի վտանգավոր իրավիճակ և անչափ կարևոր է, որ մենք կարողանանք այդ իրավիճակը հանգուցալուծել. «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը։

Հասարակական գործչի խոսքով, ըստ էության, իշխանություն գոյություն չունի, իսկ Փաշինյանի՝ դատարաները շրջափակելու կոչը, և այդ կապակցությամբ Արմեն Սարգսյանի կրավորական կեցվածքը և անանուն հայտարարությունը դրա ապացույցն են։ Վերջինս իր այդ հանցավոր անտարբերությամբ, ըստ Իսագուլյանի, մասնակից դարձավ դատարանները շրջափակելու հանցագործությանը։

«Մենք արդեն չունենք լեգիտիմ նախագահ, լեգիտիմ վարչապետ, չունենք լեգիտիմ Ազգային ժողով։ Մնացել է մի լեգիտիմ մարմին. Դա դատական իշխանությունն է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ դատարանների նկատմամբ արած քայլով Փաշինյանը Հայաստանում փորձում է քաոս ստեղծել։

Անդրադառանալով անցումային արդարադատությանը՝ Իսագուլյանն ասաց, որ այդ ինստիտուտը ներդնելով՝ իշխանությունները փորձում են ստեղծել տրոյկա համակարգ. «Դատական համակարգ է, որտեղ իրենք են որոշում՝ դու մեղավոր ես, թե՝ չէ»։

Այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը ձախողել էր ներքին քաղաքականությունը, քաղաքական գործիչն ասաց, որ հանրապետականները վատ էին աշխատում, դրա համար էլ գնացին, բայց երբ որ եկավ նոր իշխանությունը, իրավունք չուներ ոչնչացնել պետական ինստիտուտները։ «Ընդհանրապես Նիկոլը վերացնում է պետականությունը որպես այդպիսին»,- ընդգծեց նա։

Այն հարցին, թե հանդիպել է Քոչարյանին և ինչից են խոսել, հասարակական-քաղաքական գործիչն ասաց, որ միշտ էլ հանդիպել է, հանդիպում և հանդիպելու է։ «Երկար ժամանակ չէինք տեսնվել, հանդիպեցի որպիսությունը իմանալու»,- նշեց նա։

Մանրամասները տեսանյութում