Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129872
A A
Քաղաքականություն

ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցյան

«Հայաստանն այսօր խնդիր ունի մարզադաշտ չունենալու պատճառով, ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետեւ չի համապատասխանում միջազգային ստանդարտներին»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետ, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ այսօր մարզադաշտեր կառուցելու խնդիրներ կան: «Մենք ասում ենք կանաչ գոտու հաշվին մարզադաշտեր չկառուցենք, ես համամիտ եմ, բայց ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա կառուցվում են, նախատեսվում է նաեւ իր հետ շատ մեծ կանաչ գոտի: Այսինքն՝ մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, ժամանցի կենտրոն»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ մարզադաշտը կարող է կառուցվել Հյուսիս-հարավ ճանապարհի հարակից տարածքում: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց պարոն Վանեցյանից, թե Հրազդան մարզադաշտի հետ ի՞նչ անելիքներ կան:

«Որպեսզի Հրազդան մարզադաշտը դառնա միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ, պետք է ահռելի մեծ գումարների ներդրում արվի: Ամենակարեւոր խնդիրը, որ այսօր մարզադաշտերին վերաբերում է, դա անվտանգության խնդիրն է, մեքենաների, ճանապարհների հարցը, տարհանումների հարցը»,-ասաց Վանեցյանը:

Վարչապետը կարեւորեց այս թեմաներով ինտենսիվ քննարկումները: Արթուր Վանեցյանը հավելեց, որ պետական գումարներ չի ներդրվելու: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ առաջարկեց կառուցելու դեպքում Օլիմպիական նորմերով անել . «Խոսքը գնա ոչ թե 10 հա, այլ 50 հա մասին, որովհետեւ դա թույլ կտա մեր հանրապետությանը դուրս գալ լրիվ ուրիշ մակարդակ, այսինքն՝ հետագայում նույնիսկ հարց բարձրացվի Օլիմպիադայի անցկացման մասին»,-ասաց Վերմիշյանը: Վարչապետն ասաց, որ դեմ չէ. «Պարոն Վանեցյանի հետ կազմակերպեք, ես ուրախ կլինեմ»: