Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ կոմունիստները ինտերնացիոնալ չե՞ն

Քաղաքականություն

Մոսկվայի «Ալֆա» հյուրանոցում   հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու նախկին ԽՍՀՄ երկրների կոմունիստների հերթական 34-րդ համագումարը: Դրան մասնակցելու են  նաեւ  Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները:

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ համագումարի ժամանակ լսվելու են Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության խորհրդի նախագահ Գենադի Զյուգանովի, խորհրդի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունները անցնող տարվա մասին: Իսկ ելույթներից հետո կկայանա նոր անդամների ընտրությունը: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, համագումարի շրջանակում հայ եւ ադրբեջանցի կոմունիստները քննարկելու են հայ-թուրքական ներկա հարաբերությունները: Այս լուրերը Ռուբեն Թովմասյանը համարեց  ստահոդ:

«Դահլիճում միասին ենք նստած լինելու, բայց առանձին հանդիպում, որեւէ քննարկում չի լինելու: Ադրբեջանցիները ի՞նչ կապ ունեն  հայ- թուրքական հարաբերությունների հետ: Ոչ մի: Դրանք վերաբերում են միայն Հայաստանին եւ Թուրքիային»,- «Ա1+»-ին ասաց նա:

 Հայ-թուրքական արձանագրությունների եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ Կոմունիստական կուսակցության առաջնորդը վերահաստատեց իրենց տեսակետը, ասելով, որ  չեն  ընդունում այդ հարաբերությունները:

«Ես չեմ մոռանում Չարենցի «Լենինն ու Ալին» բանաստեղծությունը, սակայն բոլոր դեպքերում ինտերնացիոնալի ոգով դաստիարակված կուսակցությունը չի ընդունում այդ հարաբերություները, քանի որ դրանց  մեջտեղում դրված են ոչ միայն Եղեռնը,  այլեւ այլ  լուրջ հարցեր,  որոնք մոռանալ չենք կարող»,-նշեց ՀԿԿ առաջին քարտուղարը: