ժամանակն է ներդրում կատարել տեխնոլոգիաներում. նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԳիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին ներկա էր նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նոր կառավարության մեկ տարվա աշխատանքի հիմնական արդյունքը տնտեսական գործունեության բոլոր ոլորտների մուտքերի ազատ և մրցակցային պայմանների հավասար լինելն է:
«Այս երկու նախադրյալները տնտեսվարողների համար պետք է լինեն այն հիմնական ազդակը, որ ժամանակն է ներդրում կատարել տեխնոլոգիաներում, դառնալ ավելի մրցունակ, և ժամանակն է ամրապնդել դիրքերը թե՛ ներքին տնտեսությունում, թե՛ արտաքին շուկաներում»,- դիմելով ներկաներին ասաց նախարարը:
Հայաստանը շարունակում է մնալ մեկ մարդու հաշվով ամենաքիչ չափով էլեկտրաէներգիա արտադրող և սպառող տնտեսություններից մեկը: 2500 կիլովատտ-ժամը տարեկան չի գերազանցում մեկ մարդու հաշվով: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ սա ԱՊՀ տարածքի ամենացածր ցուցանիշներից մեկն է:
«Մենք ունենք 3 խնդիր. առաջինը՝ ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում և պահանջարկ ստեղծել էլեկտրաէներգիայի նկատմամբ: Երկրորդ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել էներգետիկ այն ռեսուրսներին, որոնք վերականգնվող են: Կարծում եմ, սա Հայաստանի համար մեծ հնարավորություն է, ավելի մրցունակ դառնալու համար: Երրորդ՝ դառնալ ավելի էներգախնայողական»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը հավելեց, որ տեխնոլոգիաներում ներդրումները կարևոր է և առանց դրա չենք կարող գնալ առաջ: