Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-9vsxB8pmFh
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ ծրագրերին. զեկույց

Եվրոպական միությունն այսօր հրապարակել է զեկույց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին: Զեկույցը հարապարակվել է հունիսի 13-ին նախատեսված ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը,  Հայաստանը հետևողականորեն  ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: ՀՀ Կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար:

«Եվրոպական միությունը եղել և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը մտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը: Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման  վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», - նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, և մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար», - նշել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Անցյալ տարի Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ,. հաջորդիվ՝ 2018 թվականի դեկտեմբերին անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվրամիությունը հադիսացել է միակ խոշոր ներդրողը, տրամադրելով սարքավորումներ և աջակցելով ժողովրդավարությանը և ակտիվ քաղաքացիական մասնակցությանը միտված գործողություններին:

Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության տվյալների ընտրություններն իրականացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել լայն հասարակության վստահությունը: Միաժամանակ Կառավարությունը կարևորել է դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և արդյունավետության անհրաժեշտությունը: 2018 թվականի սեպտեմբերին Եվրամիությունն ու Հայաստանը մեկնարկել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսություն: Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս առանցքային ոլորտի  բարեփոխմանը:

Նախորդ տարվա ընթացքում Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1.1 մլրդ եվրոյի: Հայաստանն օգտվում է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման և լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է: 2017 թվականի ընթացքում Հայաստանից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96 տոկոսի մուտքը Եվրամիություն կատարվել է զրո տոկոս տուրքով: Տրասն-եվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի դեպի Հայաստան ընդլայնումն ավարտի է հացսվել 2018 թվականի նոյեմբերին: 2019 թվականի հունվարին հրապարակվել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը՝ ընդգրկելով որպես գերակայություն նաև ավտոճանապարհային անվտանգությունը:

Կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության նպատակով 2019 թվականի մարտին մեկնարկ է տրվել կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությանը: Էրասմուս+կարողությունների զարգացման ծրագրերի շնորհիվ հայկական բուհերը կարողացել են բարելավել իրենց վարչական և կազմակերպչական կառուցվածքը և արդիականացնել ուսումնական ծրագրերը: 2015 թվականից ավելի քան 2,700 ուսանող և համալսարանական դասախոս օգտվում են ԵՄ-Հայաստան ակադեմիական փոխանակման և շարժունակության ծրագրերից: 2018 թվականին մեկնարկել է 23 մլն եվրո արժողությամբ նոր «EU4Innovation» ծրագիրը՝  միտված համալսարանների շրջանավարտների հմտությունների  համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին:

Ծրագրի միջոցով կստեղծվի «EU4Innovation» համալիր  համալսարանների համար և ԵՄ կոնվերգենցիայի կենտրոն, որը կմիավորի համալսարաններն ու մասնավոր հատվածը և կհամալրի ինկուբատոր փոքր տեխնոլոգիական ստարտափների համար:

Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում և ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օժանդակության միջոցով և աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝  ի բարօրություն ՀՀ  քաղաքացիների և ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը: