Բացել լրահոսը Փակել լրահոսը
eranosyan
A A
Քաղաքականություն

Երանոսյանի փաստաբանը միջնորդեց դատարանին Փաշինյանին և Օսիպյանին վկայի կարգավիճակով դատակոչել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ՝  2018 թ. ապրիլյան հանրահավաքների օրերին հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Երանոսյանը նշել էր, որ առաջադրված մեղադրանքները չի ընդունում և 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պետական և ազգային շահերից ելնելով: Ըստ նախկին փոխոստիկանապետի՝ իր և  ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և իրադրությանը համաչափ:

Եվ իր գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առջև կարող էր կանգնել պետությունը, իսկ ոստիկանության գործողությունների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը ընդդիմությանը:

Պաշտպանական կողմը դատարանին ՀՔԾ-ից փաստաթղթեր պահանջելու միջնորդություն ներկայացրեց: Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը նաև ասաց, որ նախկինում միջնորդություն են ներկայացրել Վալերիյ Օսիպյանին և Նիկոլ Փաշինյանին որպես վկա ներգրավելու համար, սակայն մերժվել էր, որից հետո այն բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, սակայն վերջինը նույնպես մերժել էր՝ պատճառաբանելով, թե նշված չի եղել, թե ինչու պետք վերոնշյալ անձանց ներգրավել:

Հարցաքննելու անհրաժեշտությունն այն է եղել, ըստ փաստաբանի, որ Նիկոլ Փաշինյանը եղել է ցույցերի կազմակերպիչն ու ղեկավարը, իսկ Վալերիյ Օսիպյանը Երևանի քաղաքում ծառայություն իրականացնող ոստիկանների ղեկավարը: «Խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունը նույնպես անհրաժեշտ ենք համարում»,- ընդգծեց փաստաբանը: Իսկ հիմքն այն է, որ ոստիկանության վերոնշյալ երկու բարձրաստիճան պաշտոնյաները դեպքերի ժամանակ անմիջականորեն եղել են դեպքի վայրում, ականատես են եղել այդ դեպքերին, և Նիկոլ Փաշինյանը ևս տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որ դատաքննության ընթացքում պարզաբանման անհրաժեշտություն ունեն:

Սակայն մեղադրող կողմը դեմ արտահայտվեց միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակավրեպ է: Դատարանը հետաձգեց վերոնշյալ անձանց հարցաքննության և հավելյալ փաստաթղթերի տրամադրելու միջնորդությունը:

Հիշեցնենք. Երանոսյանին առաջադրված մեղադրական հոդվածը.

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: