Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Վարչապետին կոչ ենք անում նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին. «Լուսավոր Հայաստան»

Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։

Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։

Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։

Նաև կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը`աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ։