Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահին

Մայիսի 16-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին (Петро Порошенко)։ Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությանից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի ղեկավարի և ՀՀ դեսպանի զրույցը, որին ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը (Павло Клімкін):

Շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Պետրո Պորոշենկոն հետաքրքվեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով, նշելով, որ ողջունում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները։

Դեսպան Սեյրանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստեց, որ մեծ նվիրումով կիրականացնի իր պատասխանատու առաքելությունը հայ-ուկրաինական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները համաձայնեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտության շուրջ, նշելով նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում վերջերս ստեղծված Ուկրաինայի հետ բարեկամության խումբը կհանդիսանա միջխորհրդարանական գործակցության կարևոր գործիք:

Կողմերը հատուկ ուշադրություն դարձրին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին, մասնավորապես, կարևորելով նաև հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:

Զրույցի ավարտին դեսպան Սեյրանյանը հաջողություն մաղթեց պաշտոնավարումն ավարտող երկրի ղեկավարին։