Բացել լրահոսը Փակել լրահոսը
silva
A A
Քաղաքականություն

Սիլվա Համբարձումյանը զանգե՞լ է Արամ Օրբելյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով քննությունը։

Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքներից կաշառքի դրվագին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ելույթում նշեց, որ ըստ  մեղադրող կողմի՝ 2008 թ. փետրվար-մայիս ամիսներին Ռոբերտ Քոչարյանին Սիլվա Համբարձումյանի կողմից տրվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

«Ներկայացված է մոտ 8 ցուցմունք՝ իրարամերժ, լրացնող, հերքող»,- ընդգծում է փաստաբանը՝ խոսելով գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների մասին։

Համբարձումյանն իր ցուցմունքներում նշել է, որ Քոչարյանին անձամբ չի ճանաչում, անձամբ չի հանդիպել, գումարը փոխանցել է Սամվել Մայրապետյանի միջոցով, պայմանավորվածություն ձեռք է բերել Վարդան Օսկանյանի միջոցով։

Խուդոյանը նշեց, որ մասնավորապես Վարդան Օսկանյանն իր ցուցմունքում նշել է, որ բացի ծառայողական պարտականություններից, այլ խնդիր չի քննարկել Քոչարյանի հետ, երբևէ չի փոխանցել կաշառք ստանալու և փոխանցելու համաձայնություն թե՛ Սիլվա Համբարձումյանից, թե՛ Ռոբերտ Քոչարյանից։

Իր հերթին Սամվել Մայրապետյանն իր ցուցմունքում և առերես հարցաքննության ժամանակ ( շարունակում է իր ելույթը փաստաբանը) նշել է, որ երբևէ որևէ ֆինանսական հարց չէր կարող ունենալ Քոչարյանի հետ, և իրեն անհայտ են Սիլվա Համաբարձումյանի նշած հանգամանքները։

Այնուհետև փաստաբանական խմբի անդամը նշեց Սիլվա Համաբարձումյանի ցուցմունքներից որոշ դրվագներ, ըստ որոնց՝ վերջինս ենթադրյալ կաշառքի մի մասը՝ 1 միլիոն դոլարը 2008 թ. փետրվար ամսին է փոխանցել Սամվել Մայրապետյանին բնակարանում, փետրվարի մեկ այլ օր՝ ևս 1 միլիոն դոլար, մայիս ամսին՝ բանկային փոխանցումով Մայրապետյանին պատկանող ընկերության հաշվեհամարին։ 

Փետրվարին կատարված փոխանցման վերաբերյալ Համբարձումյանի և Մայրապետյանի առերես հարցաքննման ժամանակ՝ առաջինն ասել է, որ գումար տվել է, իսկ մյուսն ասել է, որ իրեն գումար չի տրվել, գումար չի ստացել։ «Էլ չասեմ երրորդ օղակի մասին (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին – հեղ.), էդպիսի հարց չկա»,- ընդգծեց Խուդոյանը՝ հավելելով, թե այս տեղ գործ ունեն մեկ անձի և միևնույն ժամանակ շատ կասկածելի ցուցմունքների հետ։

Վարույթ իրականացնող մարմինը, փաստաբանի փոխանցմամբ, կաշառքի դրվագով մեղադրանքը հիմնավորել է, թե Մայրապետյանի որդին գումարը դուրս է բերել հաշվից, տարել-տվել է հորը, իսկ վերջինս էլ՝ տարել-փոխանցել է Քոչարյանին։ Եվ վերջինիս ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի բանկային հաշիվների շարժն են ստուգել և դիմելով հարկային մարմիններին՝ պարզել են, թե ինչ շահույթ է ունեցել Քոչարյանի ավագ որդին։

«Անհամապատասխանություն են գտել, այսինքն, ըստ հարկային մարմնի՝ եկամուտները եղել են քիչ, բանկային հաշիվներում մուտքերը եղել են շատ։ Այստեղ ամեն ինչ ավարտվում է, և եզրահանգում՝ «էս էն գումարն ա, որ Սիլվա Համբարձումյանը փոխանցել է»»,- ավարտեց Խուդոյանը՝ հավելելով, որ այս պնդումը որևէ քննադատման չի դիմանում։

Այնուհետև փաստաբաններից Արամ Օրբելյանն է հավելում անում՝ նշելով, որ կաշառքի մասով մեղադրանքի վերաբերյալ փաստաբանական խմբի հայտարարությունից հետո՝ իրեն է զանգել Սիլվա Համբարձումյանը և ասել՝ «Կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել»։ «Ասում եմ՝ չհասկացա խոսքն ինչի մասին ա։ Ասում ա «Խի՞ եք իմ անունը շոշափում»»,- շարունակում է Օրբելյանը երկխոսության վերաբերյալ։ Այնուհետև ասաց, որ Համբարձումյանն նշել է, որ կաշառք չի տվել, ինչին ի պատասխան փաստաբանն ասել է, թե՝ «Կա քննիչ, գնացե՛ք, զբաղվե՛ք։ Ես չեմ կարող որևէ բան ասել»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Սիլվա Համբարձումյանը զանգերին չի պատասխանում։