Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժնև
A A
Պաշտոնական

Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա աշխատանք. Ֆելիքս Ցոլակյան

«Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ»,- Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ 2019» շրջանակներում կայացած բարձրաստիճան երկխոսության ընթացքում իր ելույթում նշել է  Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարն արձանագրել է, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը գերազանց կազմակերպված գլոբալ պլատֆորմի շրջանակներում ընթացող նման բարձր մակարդակի երկխոսության ժամանակ:

«Հայաստանում առկա են բազմաթիվ բնական աղետների ռիսկեր, սակայն ամենանշանակալին երկրաշարժերի վտանգն է: Անցած տարի, երբ հայ ժողովուրդը նշում էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը, մենք պատիվ ունեցանք ընդունել ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը, որի շրջանակներում ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Այն հավաստում է աղետների ռիսկերի դասակարգման, գնահատման և մոդելավորման լավագույն փորձի տարածման, ուսուցողական ծրագրերում դրանց կիրառման, բնակչության իրազեկման կարևորությունը»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Իր ելույթում նախարար Ցոլակյանը անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին:

Նախարարը կարևորել է  աղետների ռիսկի կառավարման ոլորտում դերակատարների ամբողջական ընդգրկման անհրաժեշտությունը, որի համար կարող են հիմք հանդիսանալ ԱՌՆ օրենսդրության փոփոխությունները, ԱՌՆ ազգային ռազմավարության իրականացման ուղղությամբ բոլոր գերատեսչությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, համայնքների և անհատների գիտակցված մասնակցությունը։

Խոսելով այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ նախարարը նշել է, որ 2005 թ. Հայաստանը միացել է Հյոգոյի գործողությունների ծրագրին, ինչից հետո միջազգային կառույցները սկսել են սատարել մեր երկրին աղետների ռիսկի նվազեցման պոտենցիալի ստեղծման գործում:

«Այս խնդրի լուծումն աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումն էր, որը դարձավ ԱԻՆ և ՀՀ կառավարության համար կարևորագույն գործընկեր: 2017 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Ազգային պլատֆորմի և միջազգային գործընկերների աջակցությամբ մենք մշակել ենք ԱՌՆ և քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենքի նախագիծ, որը կանոնակարգում է ռիսկերի նվազեցման, աղետների արձագանքման և վերականգնողական աշխատանքների իրականացման իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարն իր խոսքն ամփոփեց՝ շեշտելով, որ կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ։