Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չէ, որ գնահատվում է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Քաղաքականություն
MHM0129708

  Գործարարության և ներդրումների ոլորտում թափանցիկություն անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ի համար, այլև ընդհանրապես ներդրողների համար։  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին  հարց է ուղղվում Ամուլսարի ծրագրից։

«Լիդիանն այդ ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան»,- ասաց նա՝ ընդգծելով այդ հարցի արդյունավետ կարգավորման անհրաժեշտությունը։

Թրեյսին հիշեցրեց, որ 1992 թվականից սկսած ԱՄՆ-ը 2 միլիորդ դոլարի աջակցություն  է ցույց տվել Հայաստանին՝ նշելով, որ ամերիկյան կողմը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում ու աջակցել վերջինին։

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունների գործընթացը ոգևորիչ է ԱՄՆ դեսպանի համար։ «Շփման գծում նկատել ենք բռնությունների կրճատում և այլ ազդակներ, որոնք դրական են այս պահին»,- ընդգծեց Թրեյսին։

Այն հարցին, թե երբ բարձր մակարդակի հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Նիկոլ Փաշինյանի միջև, դեսպանը պատասխանեց, որ այս պահին այդ մասով որևէ տեղեկություն չկա։ 

Թրեյսին հիշեցրեց նախորդ շաբաթ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի խոսքը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չէ, որ գնահատվում է։ «Անցյալ շաբաթ տեղի ունեցած այդ երկխոսությունը, Միացյալ Նահանգների ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը, փաստում է մեր գործակցության և համատեղ աշխատանքի երկկողմ հանձնառության մասին»,- եզրափակեց Լին Թրեյսին։