Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

 «Սա համարեք նախազգուշացում». Արթուր Մեսչյան (տեսանյութ)

    Ծրագրերի իրականացման ու խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը՝ անկատար օրենսդրական դաշտն է ու ֆինանսների բացակայությունն է,- ասում է  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա լրագրողների հետ այսօրվա հանդիպման նպատակն էր տեղեկացնել վերջին երեք ամիսների իրենց գործունեության մասին։

Հիմա մենք զբաղվում ենք ավելի շատ դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ

Մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու ֆինանսական ճակատագիրը կախված է  կառուցապատողից, քանի որ, ցավոք,  Երեւանի քաղաքապետարանը հնարավորություն չունի բյուջետային գումարներ օգտագործել այս ծրագրերի իրականացման համար։

Իսկ թե ովքեր են կառուցապատողները, առայժմ տեղեկացնել չեն կարող, սակայն կհայտնեն մոտ ապագայում:

Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ աշխարհում չկա քաղաք, որտեղ մետրոպոլիտենը կառուցվի  կառուցապատողի, ոչ թե քաղաքային բյուջեի գումարներով:  Բայց ունեն այն, ինչ ունեն և փորձում են այս կերպ լուծել խնդիրն ու հիմա ստացվում է, որ զբաղվում են «ավելի շատ դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ»:

Մինչև այս տարվա վերջ հուսով են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, իսկ հունվարից կսկսվի շինարարությունը: Մետրո կառուցելը հեշտ գործ չէ, տարբեր ոլորտների մասնագետներ են հարկավոր և իրենք փորձում են այս բարդ խնդիրը լուծել:

Ճոպանուղին, որ կձգվի  Նոր Նորքի 2-րդ զանգվածից  մինչև Աբովյան պուրակ, ոչ թե տուրիստական ծրագիր է, այլ պետք է բեռնաթափի այդ հատվածում տրանսպորտային հոսքը, որն այսօր «բերում է տրանսպորտային կոլապսի»:

Երևանը, թերևս, աշխարհի միակ քաղաքն է, որ չունի մունիցիպալ բնակարանային ֆոնդ

Ինչպես Մետրոպոլիտենի, այնպես և մունիցիպալ բնակարանային շինարարության դեպքում Երևանը, պարոն Մեսչյանի համոզմամբ, թերևս աշխարհի միակ քաղաքն է, որ չունի մունիցիպալ բնակարանային ֆոնդ և թե որքանով կկարողանան լուծել վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը, նույնպես կախված է կառուցապատողից:

 «Իսկ թե որքանո՞վ է այս ամենը տրամաբանական, թե ոչ՝ դատեք ինքներդ»,- լրագրողներին դիմեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

Վարչական շրջանների ղեկավարները պատասխանատու կլինեն իրենց խնդիրների լուծման համար

Այսուհետ վարչական շրջանների ղեկավարներն ավելի մեծ իրավասություններով կօժտվեն և իրենք պատասխանատվություն կկրեն տվյալ վարչական շրջանում ծագող խնդիրների լուծման համար: Ըստ Արթուր Մեսչյանի՝ քաղաքապետարանը ոչ թե իր բեռն է սրանով «թոթափելու», այլ...« Քանի որ վարչական շրջանների ղեկավարներն ավելի լավ են տեղյակ իրենց խնդիրներից, սա ազնիվ կլինի նրանց հանդեպ»:

Կա ծրագիր, կա միտք, չկա ՝օրենք

Ծրագրերի իրականացման ու խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը  անկատար օրենսդրական դաշտն է ու ֆինանսների բացակայությունը: Ակտիվ խոսվում է քաղաքապետարանի ոչ ակտիվ աշխատանքի մասին, սակայն պետք է հաշվի առնել այն խոչընդոտները, որոնք անընդհատ ծագում են ծրագրերի իրականացման ճանապարհին: Պարոն Մեսչյանը որպես օրինակ նշեց ձեղնահարկերի  նախագիծը,որը հնարավոր է  իրականացնել  տվյալ շենքի բնակիչների հարյուր տոկոսի համաձայնությամբ։ Իսկ ինչքանո՞վ է սա իրական:

«Կա օրենք, որ խոչընդոտում է ծրագրերի իրականացումը: Հիմա փորձում ենք փոխել այս օրենքը՝ հարյուր տոկոսը սահմանափակելով շենքի մեկ երրորդ բնակիչների քանակով»,-ասաց նա։

«Ես այստեղ աշխատավարձի համար չեմ նստած»

Պարոն Մեսչյանն ազնիվ չի համարում այն մեղադրանքները, թե իբր իրենք լավ չեն աշխատում,  խոչընդոտում են ներդրումային աշխատանքներին, ուշացնում են շինարարական աշխատանքների թույլտվությունները:

«Միգուցե և որոշակի հիմք կա, սակայն դանակով կտրվում է ամեն ինչ, առանց հաշվի առնելու իրավիճակը և պայմանները»,- տարակուսեց գլխավոր ճարտարապետը: - Կարող եմ ասել, որ անում ենք հնարավորը, ինչ կարողանում ենք: Մեզանից որևէ մեկը այստեղ չի եկել գումարներ վաստակելու, հարստանալու կամ խնդիրներ լուծելու: Մենք հնարավորինս փորձում ենք օգտակար լինել մեր քաղաքին: Եվ մենք ինչ-որ չափով, բարոյական աջակցություն պետք է պահանջենք նաև ձեզանից»:

Գլխավոր ճարտարապետը նաև նշեց, որ եթե քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, գոնե իր իրավասության տակ գտնվող աշխատակիցներին չի թողնելու, որ աշխատեն ժամը վեցից հետո, նաև շաբաթ, կիրակի օրերը:

 «Սա համարեք նախազգուշացում»,- իր խոսքը եզրափակեց պարոն Մեսչյանը: