Բացել լրահոսը Փակել լրահոսը
B06136FD-B76A-4F71-9387-E239344D72D4_cx0_cy4_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը. Ազատություն (տեսանյութ)

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որևէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ընդ որում, ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակը, նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացի առաջնորդները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: Արդյունքում, ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ՝ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր արդեն հաստատել է, որ Բրյուսելի առաջարկած ձևակերպումներն անընդունելի են եղել Բաքվի համար: Քիչ առաջ՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում, պատասխանելով հարցին, թե ինչու է հրաժարվել ստորագրումից, Էլմար Մամեդյարովն ասել է՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Ռումինիայի ներկայացուցիչներին:

«Մեզ՝ Ադրբեջանի պատվիրակությանն այդ փաստաթուղթը չէր բավարարում, քանի որ չէր ներառում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ հռչակագիրը կտարածվի միայն Եվրամիության արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարի անունից՝ առանց հղում անելու հավաքի մասնակիցներին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մինչդեռ, քիչ առաջ, Բրյուսելում, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ Հայաստանը գոհ է հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներից:

«Մենք սկզբունքորեն գոհ ենք արդյուքներից։ Ինչ վերաբերում է ամփոփիչ հայտարարությանը, այն եղել է Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների և Հայաստանի մոտեցումները», - նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Ավելի վաղ՝ այսօր, Մնացականյանը հոդված էր հրապարակել EUobserver պարբերականում՝ ընդգծելով, որ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի եվրամիության հետ գործընկերությունից և շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ: Ընդ որում՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իր հերթին, այսօր ծավալուն հոդված է հրապարակել EUobserver պարբերականում` ընդգծելով՝ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Եվրամիության հետ այս գործընկերային ծրագրից և շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ: Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարըն ընդգծել է, որ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում: «Օրինակ՝ տևական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կենսական իրավունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար, քննություն է, թե որքանով են մեր դաշնակիցները հետևողական մեր տարածաշրջանում իրական խաղաղությանը աջակցելու և մեր ժողովուրդների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու հարցում», - գրել է Մնացականյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքներն ու դիրքորոշումներն ամրագրված են Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված համաձայնագրում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում