Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol 10.05.
A A
Սպորտ

«Փյունիկը» ամրապնդեց դիրքերը, իսկ «Բանանցը» նոր միավորներ կորցրեց

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Նախ մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասավ «Արցախ ՖԱ»-ի նկատմամբ: Հաղթողների կազմում աչքի ընկան լիգիոնականներ Կրիստի Մարկուն, Մաքսիմ Ժեստոկովը եւ Մոհամեդ Կոնատեն:

Օրվա երկրորդ խաղում չեմպիոնի կոչման հավակնորդ Երեւանի «Բանանցն» իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց առաջնության ետնապահ «Արարատի» հետ: Խաղի 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ տանտերերի բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը, իսկ 31-ին արարատցիների կիսապաշտպան Անդրանիկ Քոչարյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

«Փյունիկն» այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 55 միավոր եւ ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: «Բանանցը» 50 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն թիմը առաջատարից մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

«Արարատը» թեեւ միավոր վաստակեց առաջատարներից մեկի հետ խաղում, սակայն առայժմ 19 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ անընդմեջ պարտությունը կրած «Արցախ ՖԱ»-ն 21 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

Վաղը կկայանա «Շիրակ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը, իսկ մայիսի 12-ին միմյանց հետ կհանդիպեն չեմպիոնության համար պայքարող թիմերը՝ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»: