Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

Քաղաքականություն
Qocharyan
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հաղորդագրությունը
 
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում:

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը 2018թ նոյեմբերի 15֊ին կայացնելով որոշում, բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից օգոստոսի 13֊ին կայացրած որոշումը՝ ուղարկելով կրկին Վերաքննիչ քրեական դատարան նոր քննության:

Ըստ  փաստաբանական խմբի՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է նրան, որ այդպիսի գործընթաց չէր կարող տեղի ունենալ և Վճռաբեկ դատարանը ինքը պետք է կայացներ վերջնական որոշում:
Ուստի, Վճռաբեկ դատարանի 2018թ նոյեմբերի 15֊ի որոշումը ենթակա է վերանայման: