Բացել լրահոսը Փակել լրահոսը
Anna
A A
Հասարակություն

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile. ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա է գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին:

«Ուրվականը» Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է, որն անցկացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և  աջակցությամբ։ Անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։ Հենց այդ նպատակով, մինչ փառատոնի անցկացումը, մաքրվել է Երևանի Մանկական երկաթուղու տարածքը, տեղադրվել են բազմաթիվ աղբամաններ:

Փառատոնը մեկնարկել է մայիսի 3-ին,  «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը վարել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները քննարկել են զարգացման նոր ռազմավարությունները և միջամտությունները:

Փառատոնի երաժշտական ​​ծրագրին մասնակցել են ավելի քան 80 արվեստագետներ աշխարհի 22 երկրներից: Նրանք ներկայացրել են հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության ժամանակակից միտումները:

Փառատոնը կազմակերպել են «Սինթպոզիում»-ի, «Կլամմկլանգ»-ի, «Հայփ-փոփ» պատկերասրահի, Միրզոյան գրադարանի, «Ռաբիցա»-ի, «Ռադիո Մորֆեուս»-ի, Կոնդ պատկերասրահի, Ռիխտերֆեստի և այլ միջազգային անկախ ցուցասրահները և արվեստագետները:

Հիմնադրամը և կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել ամենամյա՝ օգտագործելով փառատոնի ներուժը որպես զբոսաշրջային գրավչություն: