Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանը պաշտոնանկ անում պատվավոր քաղաքացի Ռաֆայել Վահանյանին

Սպորտ
sport vahanyan

Երեւանի քաղաքապետարանը փետրվարի 27-ից մրցույթ է հայտարարել «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի գործադիր մարմնի ընտրության համար: Եվ ահա, մայիսի 7-ին, ժամը 10:00-ին, անցկացվելու է այդ մրցույթը, քանի որ թեկնածու է հայտնվել տնօրենի պաշտոնում: Այդ մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսին ասաց մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանը:

Պարզվում է, որ մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Վահանյանը, ով Երեւանի պատվավոր քաղաքացի է, այլեւս իրավունք չունի ղեկավարելու իր դպրոցը, քանի որ անցել է 65 տարեկան շեմը:

Մարզադպրոցի կոլեկտիվն այսօր նամակ-դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին, որում ասված է հետեւյալը.

«Հայտնելով մեր մտահագությունը եւ անհանգստությունը, դպրոցի տնօրինությանն առանց տեղեկացնելու մրցույթ հայտարարելու վերաբերյալ, խնդրում ենք Ձեզ կասեցնել 07.05.2019թ. հայտարարված մրցույթը, մինչ իրավաօրենսդրական այնպիսի լուծում գտնելը, որը հնարավորություն կտա ԽՍՀՄ եւ Հայաստանի ամենաբարձր պարգեւներին ու կոչումներին արժանացած շախմատային լեգենդ՝ Ռաֆայել Վահանյանին շարունակելու Իր անվամբ մարզադպրոցի ղեկավարումը»:

Դիմումի տակ ստորագրել են մարզադպրոցի 22 աշխատակիցները: Ինչպես հայտնեց Գագիկ Սարգսյանը, եթե Երեւանի քաղաքապետարանը ականջալուր չլինի եւ չչեղարկի մրցույթը, ապա դպրոցի կոլեկտիվը հրաժարական կտա, իսկ անվանի շախմատիստը հավանաբար կհեռանա Հայաստանից:

Ասուլիսին ներկա գտնվող «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանն այդ կապակցությամբ նշեց, որ հարեւան երկրում մարդասպանին ազգային հերոս են դարձնում, իսկ մեր մոտ լեգենդար մարզիկներին անգամ չեն հիշում եւ մոռացության են մատնում:

«Եթե դպրոց են ստեղծել սպորտսմենի անունով, ապա այն ընդմիշտ պետք է այդպես կոչվի, իսկ մարզիկն էլ ղեկավարի իր դպրոցն այնքան ժամանակ, որքան թույլ է տալիս առողջությունը», - եզրակացրեց անվանի ֆուտբոլիստը: