Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սպայական ուսադիր ունեցողների թիվը 50-ով ավելացավ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանություն ընդունվողների շարունակական աճ է գրանցվում: Միայն վերջին մի քանի օրերին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության լեյտենանտի և ավագ լեյտենանտի ուսադիրներ ստացան հինգ տասնյակ քաղաքացիներ:

Ավանդույթի համաձայն՝ նրանց կոչումները շնորհում էր անձամբ Վալերիյ Օսիպյանը:
Նոր ընդունվող ոստիկանության լեյտենանետներն ու համակարգում վերականգնվող ոստիկանության ավագ լեյտենանտները ծառայության կանցնեն ոստիկանության կենտրոնական ապարատի, մարզային և Երևան քաղաքի վարչությունների ենթակա բաժիններում, ճանապարհային ոստիկանությունում և այլ ստորաբաժանումներում:

Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով սպայական առաջին ուսադիրներ ստանալու կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ նրանք անաչառ, անկաշառ և սրտացավ կծառայեն օրենքին ու ժողովրդին:

ՀՀ ոստիկանության պետը հաջողություն մաղթեց ոստիկանության ծառայողներին հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի ամրապնդման գործում:

Հիշեցնենք, որ սպայական ուսադիրներ ստացած ոստիկանները անցել են քննական ու ստուգողական մի քանի փուլեր: Ծառայության նշանակվելուց հետո նրանք ոստիկանության կրթահամալիրում կանցնեն եռամսյա վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո լիիրավ կընդգրկվեն Հայաստանի ոստիկանության մեծ ընտանիքում: