Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան):

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար և ընդունել հրավերը՝ ներկա գտնվելու մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և հայր էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին ուղղված՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին Հանրապետության նախագահին է փոխանցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ կներդնի իր ողջ փորձառությունը՝ նպաստելու հայ-կատարական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Կատարն ունեն համագործակցության մեծ դաշտ և հաջողությամբ կարող են փոխգործակցել մասնավորապես բնապահպանության, կրթության, գիտության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: