Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպես է լուծվելու Իրանից նավթի ներկրումները դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջի շուրջ առկա խնդիրը (տեսանյութ)

Միացյալ Նահանգները մի քանի օր առաջ հայտարարեց, թե պատժամիջոցների կենթարկվեն նաեւ 5 այն երկրները, որոնք Իրանից նավթ գնելու դեպքում մինչ այժմ ազատված էին պատժամիջոցներից։ ԱՄՆ-ը պահանջում է, որ նրանք Իրանից նավթի ներկրումները դադարեցնեն մայիսի 1-ից սկսած։ Տարաձայնությունները խորանում են ԱՄՆ-ի ու այս երկրների միջեւ։

Փորձելով ավելի վնասել Իրանի տնտեսությունը՝ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու Թուրքիան նույնպես դադարեցնեն Իրանից նավթի ներկրումները։ Այս 5 երկրները մինչ այժմ ազատված էին ամերիկյան պատժամիջոցներից։ Եթե մայիսի 1-ից չդադարեցնեն նավթի գնումներն Իրանից, կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո, հայտարարում է պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Իսկ ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի հակառակորդ պետությունների դեմ պատժամիջոցներ է սկսում միակողմանիորեն, փոխարենը դաշնակիցների հետ այդ հարցում կոալիցիա կազմելու։ 

Նրանցից Բիլլ Ռայնշի խոսքերով, այս մոտեցումը հարցերը ոչ թե լուծում է, այլ՝ ավելի բարդացնում։ ՝՝Այս քայլից հետո, հնարավոր է, որ այս հինգ երկրներն իրենց այլեւս հեռու պահեն ԱՄՆ-ից՛՛, ասում է նա։ 

Իրանի նավթի արտահանումների ուղիղ կեսը գնում է Չինաստանը։ ՝՝Այնպես որ, ասում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ՝՝Չինաստանի եւ Իրանի հարաբերություններն արժանի են հարգանքի՛՛։

Իրանի հարեւան Թուրքիան հայտարարում է, թե իր վրա նման ճնշում բանեցնելու փորձը ճիշտ չէ ո՛չ քաղաքականապես, ո՛չ էթիկայի առումով ու ոչ էլ առեւտրական կապերի տեսանկյունից։ 
Հնդկաստանը, որ Իրանից նավթի երկրորդ ամենախոշոր գնողն է, հայտարարել է, թե կենթարկվի ԱՄՆ-ի պահանջին։ Սակայն հիշենք, որ այս երկիրը նախկինում խուսափել է պատժամիջոցներից՝ կիրառելով վճարման այնպիսի համակարգ, որը կիրառում էր իր արժույթը՝ ռուփին, այլ ոչ թե ամերիկյան դոլարը։
Վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ի վարչակազմի համար դժվար կլինի դիմել գործողությունների ընդդեմ մասնավոր նավթակիր նավերի, որոնք նավարկում են այլ երկրների դրոշի ներքո։ ՝՝Ու եթե ԱՄՆ-ը նման դեպքում փորձի միջամտել, կարող են առաջ գալ դիվանագիտական խնդիրներ՛՛, ասում է նա։
Այս զարգացումներից գոհ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ են այդ 5 երկրներին տրամադրել այնքան նավթ, որքան նրանք հիմա գնում են Իրանից։

Իրանին մնում է սպառնալ, որ կփակի Հորմուզի նեղուցը, եթե այս հինգ երկրներին պարտադրեն դադարեցնել իրենից նավթի գնումները։

Այնպես որ, ԱՄՆ-ին էլ մնում է սպառնալ, որ այն կկանխի Իրանի կողմից նեղուցը փակելու որեւէ փորձ։ Այնպես որ, այստեղ աճող լարվածությունը, եթե պատերազմի չվերածվի էլ, խորը ճգնաժամի վերածվելու ներքին ուժ ունի։ Իսկ նավթի կարիք ունեցող երկրներն այս նեղուցի մոտ ո՛չ պատերազմի, ո՛չ էլ ճգնաժամի կարիք կարող են ունենալ։ Չէ որ աշխարհի նավթի փոխադրումների մեկ հինգերորդն իրականացվում է հենց Հորմուզի նեղուցով։