Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ջո Բայդընը պաշտոնպես հայտարարեց 2Օ2Օ թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու որոշման մասին

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը պաշտոնպես հայտարարեց 2Օ2Օ թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու որոշման մասին։ Նրա ներկայությունը Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում դառնում է ամենամեծ մարտահրավերն՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի։

Դելավեր նահանգից ընտրված նախկին սենատոր, Բարաք Օբամայի վարչակազմում երկու ժամկետով երկրի փոխնախագահ Բայդընն ունի արտաքին հարաբերություններում, արդարադատության բնագավառում եւ ներքին քաղաքականության հարցերում այնպիսի փորձառություն, ինչպիսիք չունի նախագահի պաշտոնի համար հավակնորդ եւ ոչ մի գործիչ։ 
Բայդընի քաղաքական ջանքերի վրա մի պահ ստվեր ընկավ մի քանի շաբաթ առաջ, երբ մի քանի կանայք, այդ թվում Նեւադա նահանգի փոխնահանգապետի նախկին թեկնածուն մեղադրեցին 76-ամյա Բայդընին հասարակական վայրերում իրենց անհարգի կերպով դիպչելու, գրկախառնվելու ու համբուրելու մեջ։
Բայդընն ավելի ուշ տարածել էր տեսահոլովակ, որտեղ, խոստանալով փոխել մոտեցման այդ ձեւերը, պաշտպանում էր իր վարքագիծը՝ դրանք բացատրելով բոլորի հետ ՝՝մարդկային կապեր՛՛ հաստատելու իր երկարամյա ջանքերով։

Իսկ հինգշաբթի օրը հրապարակած ուղերձում նա ասում է, թե ԱՄՆ-ի ամենագլխավոր արժեքները եւ պատիվը դրված են վտանգի տակ։
՝՝Եթե մենք Դոնալդ Թրամփին տանք ութ տարի պաշտոնավարելու իրավունք, մշտապես ու արմատապես կփոխենք մեր երկրի բնույթն ու էությունը։ Իսկ ես չեմ կարող դրան նայել կողքից՛՛, ասում է նա տեսահոլովակում։

Բայդընն առաջին անգամ սենատոր է ընտրվել 1972 թվականին եւ դրանից հետո 36 տարի մնացել Կոնգրեսի այս պալատում։ Օբամայի օրոք 8 տարի եղել է երկրի փոխնախագահ։

Նա երկու անգամ արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին՝ 1988-ին եւ 2ՕՕ8-ին։ Սակայն հաղթող չի ճանաչվել որպես իր կուսակցության թեկնածու։