Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ես վստահ եմ, որ «Ավրորան» որոշ մարդկանց մոտ նեգատիվ էմոցիաներ է բերում. Ռ. Վարդանյան

«Եթե ինչ-որ լավ բան ես անում, պատրաստ եղիր, որ պիտի ստանաս մի հատ վատություն»,- հոր խոսքերը հիշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով «Տրոյկա Դիալոգ» ընկերության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին։ 

«Ես վստահ եմ, որ «Ավրորան» որոշ մարդկանց մոտ նեգատիվ էմոցիաներ է բերում»,- ընդգծեց նա։

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ  ինչ գումար, որ աշխատել է, ուղղվել է բարեգործության, ուստի պարզ ու հստակ նայում է բոլորի աչքերին։  Նա պատրաստակամություն հայտնեց համագործակցել ցանկացած մարմնի հետ այս հարցով՝ ընդգծելով, որ ոչ մի երկրում, ոչ մի տեղ, այդպիսի բան չի եղել։

«Մենք ունենք 137 դեսպան. Որևէ մեկը չի հրաժարվել «Ավրորայից», ոչ մի անդամ դուրս չի եկել։ Դրա համար դուք կարող եք պատասխան ոչ թե ինձանից ստանալ, այլ՝ այն մարդկանից, ովքեր շարունակում են անդամակցել»,- եզրափակեց նա։  

Նշենք, որ «Հետքը» լրատվական կայքը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և 20 լրատվամիջոցների համատեղ ուսումնասիրմամբ ձեռքբերված տեղեկություններով՝ բացահայտվել էր մոտ 8,8 միլիարդ դոլար շրջանառած, փողերի լվացմամբ զբաղվող մի ցանց, որը գործել էր Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Ուսումնասիրողների մոտ էին հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթուղթ։ Հետաքննությունը ստացել էր «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։

Մարտի 15-ին Ռուբեն Վարդանյանը լրատվամիջոներին իր բաց նամակն էր փոխանցել այս կապակցությամբ, որում մասնավորապես նշված էր. «Հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածք։ Չնայած նրան, որ նյութերի մեծ մասում նշվում է իմ հասցեին մեղադրանքների բացակայության մասին, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր, ինձ պատասխանատու եմ զգում կատարվող ամեն ինչի համար։ Մեր իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները մեր հեղինակությունը պաշտպանելու համար»։