Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել. թուրքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 24-ին լրանալու է Հայոց ցեղասպանության 104-րդ տարին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ սկզբունքային փոփոխություն չի սպասում: Նա կարծում է որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել, իսկ այն երկրները որոնք փորձում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ սրված հարաբերություններ ունեն։
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, դա ոչ միայն երկկողմանի հարաբերությունների խնդիր է , այլ նաև ցեղասպանությունների կանխարգելման խնդիր է»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը և ավելացնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարծես թե, տեղափոխվում է նաև մահմեդական աշխարհ:
Թուրքագետը հույս ունի, որ մահմեդական աշխարհը վեր կկանգնի կրոնական ընդհանրության գաղափարից, և կանդրադառնա այդ ծանրագույն հանցագործությանը, քանի որ այն պետք է դատապարտվի անկախ կրոնական պատկանելությունից:
Բացի այդ, պետք է հաշվի առնել երկու ՀՀ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերը, արդյո՞ք ցեղասպանության ընդունումը օգուտ կբերի ընդունող երկրին: Ռուբեն Սաֆրաստյանը առանձնացնում է մի կարևոր կետ. Ամերիկան չի կարող հաշվի չառնել Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը մերձավոր արևելքում, քանի որ ամերիկյան ռազմավարության մաս է կազմում այն ու պետք է հաշվի առնի Թուրքիայի գոյությունը և նրան ընդունի որպես դաշնակցի: