Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կարծում եմ 124 մլն դրամն արժե ուղղել Քաղաքացու օրվան. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի- բարեկամ- ծանոթ լինել, չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա», - այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը անդրադառնալով ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա համար նախատեսված 124 մլն դրամին, նշեց, որ արդարացված է այդքան գումարի ծախսումը։ «Հեղափոխությունից տարիներ առաջ էլ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին։ Եվ հիմա քաղաքացու տոնը, որ արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարում ունենալ։ Եվ սրան ուղղել 124 մլն, կարծում եմ արժե»։

Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ տարիներ շարունակ Հայաստանում պետությունը և քաղաքացին անջատված են եղել։ «Մարդիկ հաշտվել էին, որ պետական կառավարման համակարգը իրենցը չէր, իրենց կողմից չէին ձևավորված և իրենց չէին հաշվետու։ Եվ հիմա, երբ մի պահ դա հաղթահարվեց, քաղաքացիները կանգնեցին ու ասացին՝ ոչ, սա մեր պետությունն է և այսուհետ այսպես պետք լինի»։

Ըստ ԱԺ նախագահի՝ սրա շարունակական լինելու համար է նաև ուղղված Քաղաքացու օրը։

Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին նաև Սահմանադրական դատարանի կայացրած այն որոշման մասին, որ 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ԱԺ Կանոնակարգ» օրենքը՝ փոփոխություններով և լրացումներով վիճարկվող դրույթներով համապատասխանում է Սահմանադրությանը։

«Սահմանադրականը կայացրել է իր վճիռը, ես, որպես քաղաքան գործիչ, կարող եմ ունենալ վերաբերմունք դրան, համարել՝ լավ կամ վատ, բայց, որպես ԱԺ նախագահ, Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը չեմ վիճարկի»։

Այսինքն ԱԺ նախագահը մնում է այն կարծիքին, որ ԱԺ Կանոնակարգ օրենքում տեղի է ունեցել հակասահմանադրական փոփոխությո՞ւն, ինչին Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես, իհարկե իմ հին կարծիքին եմ, բայց այս հարցում վերջնական պատասխան տալիս է Սահմանադրական դատարանը»։