Բացել լրահոսը Փակել լրահոսը
960662
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում գործ չեն սարքում. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)

Ապրիլի 27-ին Հայաստանում նշվելու է Քաղաքացու օրը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն դժգոհությունների հետ, թե օրվա միջոցառումների համար նախատեսված 124 մլն դրամը չափազանց շատ է։

«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա կարևոր մի իրադարձության արձանագրում է։ Խոսքը քաղաքացու գերակայության և քաղաքացու դերի բարձրացման մասին է։ Այսուհետ քաղաքացին է որոշելու Հայաստանի Հանրապետության գրեթե ամեն ինչը»։

Փոխխոսնակը վստահեցնում է՝ խոսքը 124 մլն դրամի փուչիկներ առնելու համար չէ, քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելու համար է։

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին։ Հարցին, եթե պարզվի, որ Դավիթ Սանասարյանը իսկապես  մեղավոր է, հեղափոխությանը կվնասի՞, Ալեն Սիմոնյանն ընդգծեց.

«Վնաս կտա, որովհետև ինձ համար ցավալի կլինի, միևնույն ժամանակ դա ինձ համար տհաճ թեմա է»։

Ի դեպ, Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է, նրա պաշտպանը նույնպես այդպես էր որակել մեղադրանքը։ Անդրադառնալով այս կարծիքներին, փոխխոսնակը շեշտեց. «Հայաստանում ո՞վ ում վրա և ինչի համար և ինչու պետք է կազմակերպի շինծու։ Դրա իմաստը ուղղակի չկա»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին Պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել։