Լիլիթ Մկրտչյանը կպայքարի աշխարհի գավաթի ուղեգրի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնթալիայում այսօր եզրագիծը կհատի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Կայացած 10 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինուհի Իննա Գապոնենկոն, որը վաստակել է 8 միավոր: Նրան անմիջապես հետապնդում են ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան եւ ֆրանսիացի Մարիե Սեբագը: Հենց այս եռյակն էլ կվիճարկի չեմպիոնի կոչումը:
Նրանց հաջորդող 19 շախմատիստուհիները կպայքարեն աշխարհի գավաթի 18 ուղեգրերի համար: Վերջիներիս թվում է մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը 10-րդ տուրում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Սիլա Չագլարին եւ վաստակեց 6,5 միավոր: Այսօր նա սեւերով կհանդիպի ռուսաստանից Անաստասիա Բոդնարուկի հետ:
Ուղեգրերի համար կարող էին պայքարել նաեւ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գեւորգյանը, սակայն նրանք ընթացիկ տուրում պարտվեցին ռուսաստանցի Ելենա Սեմյոնովային ու բուլղարուհի Նուրգյուլ Շալիմովային եւ մնացին նախապես վաստակած 5,5 միավորով: Նրանք այժմ Սիրանուշ Ղուկասյանի հետ գտնվում են չորրորդ քառյակում: