Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վալենտինա Մատվիենկոյի կոչը Արարատ Միրզոյանին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների մակարդակը, ինչը հավաստվում է հաճախակի տեղի ունեցող բարձր մակարդակի շփումներով եւ այցերով:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր մաս է կազմում խորհրդարանական ձեւաչափը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ արդեն ձեւավորված հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու պետությունների խորհրդարանականների ակտիվ աշխատանքի համար:

Ողջունելով Արարատ Միրզոյանին ԱՊՀ ՄԽՎ ձեւաչափում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս մեկ անգամ կարեւորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության եւ ժողովրդավարական գործընթացների միջոցով, վերահաստատել Ռուսաստանի Դաշնության հանձնառությունն աջակցելու եւ զարգացնելու Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները:

Տիկին Մատվիենկոն նաեւ կոչ է արել նախագահ Միրզոյանին եւ ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակությանն ակտիվորեն օգտագործել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձեւաչափը՝ օրենսդրական բարեփոխումների եւ երկկողմանի համագործակցության խորացման համար:

Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է տիկին Նազարբաեւային Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների եւ բարեկամ ժողովուրդների:

Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն եւ հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառության ոլորտում՝ Դարիգա Նազարբաեւան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:

Տիկին Նազարբաեւան նաեւ ներկայացրել է, որ իր երկրում ներկայումս իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին իր երկրում նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ եւ թափանցիկ:

Արարատ Միրզոյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ղազախ գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտի փորձի փոխանակման ուղղությամբ: