Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փոխվարչապետ Ավինյանը վարձահատո՞ւյց է եղել նախկին գյուղնախարարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 15-ին դիմել է Ձեր գլխավորած գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին դրամաշնորհ ստանալու հայտով.- ԱԺ-ում «Հետք» լրատվականի հրապարակումը հիշատակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկված թեկնածու, նախկին գյուղնախարար Գեղամ Գևորգյանին։

Իսկ հեղափոխությունից հետո, ըստ Բաբաջանյանի, հիմնադրամը որոշել է «Իրիգեյթ»-ին 37 միլիոն  դրամ գումար հատկացնել, որից 16 միլիոն դրամն անհատույց, իսկ արդեն օգոստոսի 1-ին համաձայնագիր է կնքվել, և որոշ ժամանակ անց  հոկտեմբերի 16-ին Գևորգյանը նշանակվել է գյուղնախարար։ Պատգամավորը հետաքրքրվեց ՏՄՊՊ նախագահի թեկնածուից, թե արդյո՞ք Ավինյանը վարձահատույց է եղել հիմնադրամի տված դրամաշնորհի դիմաց գյուղնախարարի պաշտոնին նշանակելուն նպաստելով։

Գևորգյանն ասաց, որ դրամաշնորհի տրամադրման գործընթացի բոլոր փուլերը մինչև հեղափոխությունն արդեն ավարտված են եղել։ «Դժվար թե, Դուք մտածում եք, որ հիմնադրամը և հանձնաժողովը կանխատեսում էր դեռևս փետրվարին, որ տեղի է ունենալու շարժում, և պարոն Ավինյանը նշանակվելու է փոխվարչապետ»,- շեշտեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն։

Արձագանքելով ԼՀ պատգամավորն ընդգծեց. «Բայց որոշումը կայացվել է, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետի պաշտոնում էր։ Եվ, ի վերջո, Դուք այս հիմնադրամում հայտնվել եք Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի «մարդը» և կուզեի իմանալ՝ ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում»։

Գեղամ Գևորգյանն ասաց, թե ինչ է նշանակում՝ Իգնատի Առաքելյանի «մարդը», և որ Իգնատի Առաքելյանն իր լավ ընկերն է, և ում նախարար եղած ժամանակ աշխատել է հիմնադրամում։ Ինչպես նաև 10 տարուց ավելի է, ինչ աշխատում է կառավարման համակարգում  4-5 վարչապետի օրոք և խնդրեց չփորձել փնտրել, թե երբ և ում տեսադաշտում է հայտնվել, որովհետև անիմաստ է։