Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սանասարյանի գործը Փաշինյանի ձախողման մասին է խոսում. Էդ. Շարմազանով

Մենք ունենք հեղափոխական կոմիտեի առաջնորդ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի. ասում է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Քաղաքական գործիչը դա հիմնավորում է նրանով, որ բոլշևիկյան հեղկոմների ոճով նախորդ իշխանությունների ձեռքբերումները անտեսվում են և վերագրվում են ներկայիս իշխանություններին։

Փաշինյանի կառավարությունը, Շարմազանովի խոսքով, ստերով լեցուն ֆեյք է։ Նա նշում է, որ տնտեսական հեղափոխություն չի լինում, որովհետև տնտեսական զարգացումն էվոլյուցիոն բնույթ ունեցող երևույթ է։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ՀՀԿ-ական գործիչը հետևյալ հարցադրումներն արեց հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների վերաբերյալ. ինչո՞ւ գազը թանկացավ, ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ պետությունները չպաշտպանեցին գլխավոր քարտուղարի հայ թեկնածուին, ինչո՞ւ Ռուսաստանի նախագահը դեռևս չի այցելել Հայաստան։

Իսկ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մասին խոսելիս նշեց, որ Փաշինյանը ցեղասպանության վերաբերյալ որևէ բան չասեց, և հիշեցրեց նախորդ նախագահների և արտգործնախարարների ելույթները ցեղասպանության շուրջ։

Քաղաքացու օրը նշելու կապակցությամբ իշխանությունների տրամադրած 124 միլիոն դրամը, ըստ ՀՀԿ խոսնակի, կարելի էր տրամադրել աղքատներին, Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին։ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանքի գործը, ըստ Շարմազանովի, խոսում է Փաշինյանի զախողման ու կոռուպցիայի բացակայության վերաբերյալ հայտարարությունների բլեֆային լինելու մասին։

Իսկ Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» խոսքին անդրադառնալով՝ խոսնակն ասաց, որ Սարգսյանն անձամբ կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին և 2019-ին ոչ միայն մեկ անգամ։