Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 3 շախմատիստուհիներ հաղթանակ տարան
Աջակցիր «Ա1+»-ինԱնթալիայում շարունակվող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունում կայացավ 7-րդ տուրը:
Հայաստանի 5 շախմատիստուհիներից երեքը հաղթանակ տարան: Մարիա Գեւորգյանը պարտության մատնեց սլովենացի Լարա Յանզելիին, Սիրանուշ Ղուկասյանը՝ ավստրիացի Վերոնիկա Էքսլերին, Աննա Սարգսյանը՝ չեխ Թերեզա Ռոդշտեյնին: Նրանք վաստակեցին 4-ական միավոր եւ այժմ բաժանում են 36-57-րդ տեղերը:
Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց վրացուհի Բելա Խոթենաշվիլու, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ: Մեր հավաքականի առաջատարը 5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ Լիլիթը 4,5 միավորով առայժմ 20-րդն է: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, ով ունի 6 միավոր:
Այսօր տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Նատալյա Պոգոնինայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիներին բաժին են հասել այսպիսի մրցակիցներ.
Լիլիթ Մկրտչյան – Միհաելա Սանդու (Ռումինիա)
Սոֆի Միլյե (Ֆրանսիա) - Աննա Սարգսյան
Նինո Բաթիաշվիլի (Վրաստան) - Մարիա Գեւորգյան
Աննա Մատնաձե (Իսպանիա) - Սիրանուշ Ղուկասյան