Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախի ներկայիս ղեկավարը 1999 թ. եկել է Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել Ղարաբաղի նախագահ. Սամվել Բաբայան

Արցախի հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախի Հանրապետության ներգրավումը բանակցություններում ճիշտ է, բայց այս շրջանում այն անհնարին է համարում։

«Միանշանակ` Ադրբեջանը չի համաձայնելու, դա խնդիր է, որը պետք է լուծվի։ Ամեն դեպքում ես միշտ իմ դիրքորոշման մեջ ասել եմ, որ Ղարաբաղը պիտի մասնակցի, բայց այս փուլում ես չեմ պատկերացնում»։

Սամվել Բաբայանը դեռ չգիտի` մասնակցելո՞ւ է 2020 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

«Հասարակության հետ դեռ հանդիպումներ ունեմ, փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը, ինչքանով են ընդունում, ինչքանով ոչ։ Նոր դրանից հետո ստորագրահավաք կլինի, պարզելու՝ մենք մասնակցելո՞ւ ենք, թե՝ ոչ»։

Սամվել Բաբայանը իրեն մրցակից ոչ մեկին չի համարում։ Պատճառաբանությունները, թե ինքը չի կարող մասնակցել ընտրություններին՝ տեղին չի համարում։ Կարծում է, որ Արցախի այսօրվա իշխանությունը խոչընդոտում է, որ նա մասնակցի եկող ընտրություններին, քանի որ վերջինիս մասնակցության պարագայում մրցակցությունն ուժեղ է լինելու։

«Այսօրվա գործող իշխանության ղեկավարը 1999 թ. եկել է Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել Ղարաբաղի նախագահ, 10 տարվա կացություն կա՞։ Ոստիկանությունը գրում է՝ ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել է, ես էլ եմ ժամանակ առ ժամանակ Ղարաբաղ գնացել, եկել»։