Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչու միացան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը

Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը՝ նրա թանգարանում այսօր բացվեց «Վերածննդի համոզմունքով» խորագիրը կրող ցուցահանդեսը, որով և կմեկնարկի «Միասնություն» դաշինքի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:  

Բացմանը ներկա էին Կարեն Դեմիրճյանի հարազատները, մտերիմներն ու քաղաքական գործիչներ, որոնք  հիշեցին ինչու եւ ինչպես Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը միավորվեցին։

ՀԺԿ նախագահի տեղակալ Գրիգոր Հարությունյանի խոսքով «Միասնություն» դաշինքը սկզբում միանշանակ չընդունվեց, քանի որ մեկ տարի դրանից առաջ այլ դաշինքի մասին էր խոսք գնում, սակայն «Միասնություն»-ը ստեղծվեց երկիրը փոսից դուրս հանելու նպատակով:

«Մարդիկ հասկացան, որ միակ ճանապարհը դա է, և այդ  ցույց տվեցին իրենց ընտրությամբ: Ժողովուրդը հաղթեց, բայց... ժողովուրդը պարտվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին: Պարտվեց նրանց, ովքեր չէին ցանկանում, որ երկիրը փոսից դուրս գա, որոնք իշխանությունը դիտում էին, որպես իրենց հարստացման միջոց»,-ասաց նա։

Ըստ նրա՝  փոխվել են իշխանություններն ու պետք է պահանջել, որ բացահայտվեն հոկտեմբերի 27-ի մութ անկյունները.« Երկիրը չի կարող ապագա ունենալ, քանի դեռ այն բացահայտված չէ»:

Նոր իշխանությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ  Սասուն Միքայելյանը փակագծեր է բացում, թե ինչու «Միասնություն» դաշինքի ձեւավորումից մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանը սատարում էր Քոչարյանին Նախագահի ընտրություններում։

«Որովհետև Սպարապետի գերխնդիրն էր Ղարաբաղի խնդիրը: Հետո Սպարապետը գիտակցեց, որ նոր ուժ է պետք»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիման հիշեց ամուսնու խոսքերը. «Զարմանալի է մեր ժողովուրդը, ասում էր Կարեն Սերոբովիչը, իր պատմությունը այդքան սիրող և պատմությունից դասեր չքաղող»:

Մեր հայկական ցավը, որ ես անվանում եմ հայկական հիվանդությունը պառակտման մեջ է: Մենք միասնական չենք եղել և դրանից օգտվել է մեր թշնամին: Մենք ապագա չենք ունենա, եթե միասինական չլինենք»:

Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 87 տարեկան: