Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը՝ Վանևանում դանակ խաղացողներին

Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի մի խումբ բնակիչներ մեկ շաբաթից ավել է պահանջում են գյուղապետի հրաժարականը: Նույնիսկ գյուղի հովիվը հացադուլ է հայտարարել, բայց մինչև այսօր գյուղապետը հրաժարական չի տվել: Այս մասին Ազգային ժողովում  Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում ասաց   «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: 

Պատգամավորը օրեր առաջ է եղել Վանևան համայնքում: Բնակիչները 2 անգամ փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղին, և Թագուհի Թովմասյանը տեղեկություն ունի, որ երիտասարդների մոտ դանակներ են եղել: Նա կառավարությանը դիմեց, որ քայլեր ձեռնարկեն, որպեսզի հետագայում տխուր զարգացումներ չլինեն, ինչպես եղավ Զարթոնք համայնքի պարագայում:

«Կարծում եմ, որ հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ խնդիր կա, գյուղապետերը պիտի հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ, որովհետև եթե իրենք վստահ են, որ ունեն իրենց գյուղի ժողովրդի վստահությունը, նորից կառաջադրվեն և կընտրվեն: Մենք չենք պատրաստվում որևէ տեղ, որևէ քվեաթերթիկ կեղծել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել  բանտում են հայտնվելու.

«Որևէ մեկը Հայաստանում չփորձի դանակ, զենք խաղացնել: Կներեք էլի, կրկնում եմ, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք: Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ կապեր օգտագործելով կպլստան այս մի քրեական գործից, մեկ է հաջորդ պահին վզներից բռնելու ենք»: