Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ նրան հետապնդողները՝ պարտվեցին
Աջակցիր «Ա1+»-ինԱնթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի շախմատիստուհիների համար:
Առաջատարների շարքում գտնվող Էլինա Դանիելյանն այս անգամ ոչ-ոքի խաղաց եւ վաստակած 4 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: Իսկ ահա նրան հետապնդող Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտություն կրեցին եւ բավականին հետ մնացին: Սիրանուշ Ղուկասյանը երկրորդ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 3 միավոր եւ հավասարվեց վերջիններիս: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը, հակառակը, երկրորդ անգամ անընդմեջ զիջեց իր մրցակցին եւ էլ ավելի նահանջեց մրցաշարային աղյուսակում (այժմ նա 83-րդն է):
Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը կմրցեն համապատասխանաբար ուկրաինուհիներ Աննա Ուշենինայի, Օլգա Բաբիի եւ Յուլյա Օսմակի հետ: Այնպես որ, Անթալիայում այսօր հայ-ուկրաինական օր է:
Սիրանուշ Ղուկասյանի մրցակիցը վրացուհի Նանա Ձագնիձեն է, իսկ Մարիա Գեւորգյանը կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Դեֆնե Շադեի հետ, որին Աննա Սարգսյանը հաղթել է 1-ին տւրում: