Բացել լրահոսը Փակել լրահոսը
57023980_983619768498146_2202633205629059072_n-2
A A
Քաղաքականություն

ՀՀ ՊԵԿ-ն ընդդեմ ԳԱԼԱ-ի վերաքննիչ բողոք է ներկայացրել (տեսանյութ)

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն ԳԱԼԱ-ի գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.02.2019թ. կայացրած վճիռը և այն փոփոխել, իսկ ներկայացված հայցն ամբողջությամբ մերժել:

Շուրջ 12 տարվա վաղեմություն ունեցող գործն, ըստ էության, ոչ միայն չի հանգուցալուծվում, այլև տեղի են ունենում ուշագրավ զարգացումներ: Հիշեցնենք, 2008-ին հարկային պետական ծառայության հայցը դատարանը բավարարեց, և ԳԱԼԱ-ից բռնագանձվեց ավելի քան 25 միլիոն դրամ:

Այս գործով կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ, որն արձանագրում է՝ անհիմն կերպով ԳԱԼԱ-ի արդար դատաքննության իրավունքները ոտնահարել են ներպետական դատական ատյանները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր):

Եվրադատարանի վճռից հետո գործը կրկին լսվեց ՀՀ վարչական դատարանում, որտեղ հնչած ցուցմունքը բավական էր հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել ԳԱԼԱ-ի գործով 12 տարի առաջ: Հրապարակային հայտարարվեց այն, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել էր: «Ինչ որ ասել է КГБ-ն, դա էլ գրել եմ»՝ վկայի այս մեկ նախադասությունը փլուզեց իրավական ամբողջ գործընթացը՝ ապացուցելով կատարվածի քաղաքական բնույթն ու բովանդակությունը:

Վարչական դատարանը 2019 թվականին որոշեց բավարարել ԳԱԼԱ-ի հայցը:

Նոր Հայաստանում, երբ թվում է քաղաքական պատասխանատվություն ստանձնելով՝ նախկին իշխանությունների սխալների համար ներողության խոսքեր պետք է լսեինք, ԳԱԼԱ-ի դեմ կազմված ակտի «օրինականությունն» ապացուցելու համար, որքան էլ տարօրինակ է, ՀՀ ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացնում:

Ռոբերտ Քոչարյանի տված քաղաքական հրահա՞նգն են փորձելու ավարտին հասցնել: Ի պատասխան այս հարցադրմանը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում է.

«Ակնհայտ իրավական պրոցեսը դուք ուզում եք քաղաքական որակել...»:

Դավիթ Անանյանի այս խոսքերը հիշեցրին ճիշտ նույնաբովանդակ մի հայտարարություն, որն արել էր Ռոբերտ Քոչարյանը 2007թ.՝ ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան, և ում նախագահության տարիներին հեռուստաընկերության դեմ քաղաքական հետապնդում սկսվեց:

«Չեմ կարծում, որ որևէ հեռուստատեսություն պետք է հարկային դաշտից դուրս լինի: Ինչքան գիտեմ, խնդիրներն ավելի շատ հարկային դաշտի հետ են կապված»,- հայտարարել էր Ռ. Քոչարյանը:

Այսքանից հետո գործից անտեղյակ կամ այդպիսին ներկայացող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արժե հարցնել՝ որտեղի՞ց է գալիս և հայտարարություններ անելուց առաջ ինչո՞ւ չի պատրաստվել, և դա հարցնել նույնպիսի շեշտադրմամբ և տոնայնությամբ, ինչպես որ ինքն է հաղորդակցվում լրագրողի հետ՝ «Ախր ա՛յ ազիզ ջան, որտեղի՞ց եք գալիս, ի՞նչ հարց եք տալիս... մի հատ պատրաստվեք էլի՛...»: