Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Հոկտեմբերի 27»-ի հետ կապված մի մասով եմ կոնկրետ մեղադրանք միշտ հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. Ա. Քոչարյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հերքում է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանությունների իրագործումն ինքը վերագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու ռուսական հատուկ ծառայություններին։

«Այդպիսի անհեթեթ բան պետական կառույցները երբևիցե իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև ո՛չ քննությունն է ավարտվել 27-ի հետ կապված,, ոչ էլ կարելի է նախաքննական մարմնի նյութերի արանքում էդպիսի ենթադրություններ անել»,- ընդգծեց նա։

Քոչարյանն ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի կապակցությամբ եղել են հնչեցված տեսակետներ, տարբեր վերլուծություններ, իսկ պաշտոնական տեսակետ, որքանով տեղյակ է, հայտնել է ԽՍՀՄ և ՌԴ պետանվտանգության փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից, կազմակերպված հանցագործության դեմ հատուկ պայքարի խմբի նախկին անդամ), այն էլ Անգլիայում եղած ժամանակ։

Իսկ ՀՀ-ից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, և իրեն կապվող տեղեկությունները պատգամավորը որակեց որպես սադրիչ, որոնք ուղղված են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելու նպատակով։

Իսկ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված, Քոչարյանի խոսքով, իր պահանջը եղել միայն այն, որ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում, հնարավորության դեպքում պետությունը պետք է «27»-ը կրկին քննության առարկա դարձնի։

« «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ես կոնկրետ մեղադրանք միշտ հնչեցրել եմ պարոն Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ այն մասով, որ երբևիցե մեզ համար հասկանալի չի եղել պարոն Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի այդ օրվա հանդիպման և՛ դրդապատճառները, և՛ քննարկված նյութը»,- առանձնացրեց նա՝ նշելով իր այն ցանկությունը, ըստ որի՝ այդ հանգամանքի ուսումնասիրության վրա ուշադրություն դարձվեր։ 

Քոչարյանին հետաքրքրում է, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ինչ են խոսել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Նաիրի Հունանյանը փակ դռների հետևում, որովհետև այդպիսի հանդիպում, ինչպիսին տեղի է ունեցել նախագահի և ահաբեկչի միջև, աշխարհում չի կարող գոյություն ունենալ։ «Դրանք կա՛մ լինում են երրորդ մասնակցի ներկայությամբ, կա՛մ անվտանգության բացառիկ միջոցառումների շրջանակում»,- եզրափակեց նա։