Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը բացահայտել է տոտալիզատոր տեսակի վիճակախաղ, որով պետությանը պատճառվել է 1 մլրդ դրամի վնաս

Պաշտոնական
PEK

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համագործակցությամբ ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Պետությանը պատճառվել է 1 միլիարդ դրամի վնաս: Մասնավորապես, Ս.Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով տոտալիզատոր տեսակի վիճակախաղի կազմակերպիչ համարվող ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն, 2018թ.-ի նոյեմբեր ամսից առ այսօր, չունենալով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով որպես լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար նախատեսված հատուկ թույլտվություն (լիցենզիա), ինչպես նաև խուսափելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված բազային տուրքի 500.000-ապատիկի չափով պետական տուրքի վճարումից` Երևանի Այասի փողոցի թիվ 10/1 հասցեում նշված տեսակի վիճակախաղերը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը և իրականացումը «ձևակերպել է» Նիդեռլանդական Կյուրասաո կղզու «Մոլախաղերի կոմիտեի» կողմից տրված թիվ 1668/JAZ լիցենզիայի հիման վրա վիճակախաղեր և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող և իրականացնող «Էֆուսոֆթ ՆՎ» կազմակերպության անունով, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1 միլիարդ դրամի գույքային վնաս: Նախաքննությունը շարունակվում է:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին