Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիքիպեդիան արդեն Արեւմտահայերեն

Հասարակություն
5582dd9086b4e472e3144c566410936c

Արևմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացել է ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։ 2014 թվականից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել հարյուր հիսունից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր մենք արդեն իսկ ունենք 7500-ից ավել արևմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում և շուտով կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա։ Մեր մարտահրավերը պետք է լինի այդ թիվն օր-օրի ավելացնելը և դրանց որակը բարձրացնելը։  Արևմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և հովանավորել նախագծի միջոցառումները։ Արևմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել և մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը և դրանով իսկ արևմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարևոր ներդրում ունենալը։ Նշենք, որ Արևմտահայերեն Վիքիպեդիան առանձին ISO 639-3 լեզվական կոդը ստացել է 2018 թվականի հունվարի 30-ին SIL International-ի կողմից․ լեզվական կոդի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել Արևմտահայերեն Վիքիպեդիան, ինչպես նաև այն կարող է խթանել համացանցում արևմտահայերենով տարբեր ծրագրեր (սրբագրիչ, փոխադրիչ, թարգմանիչ) մշակելու աշխատանքները։ Արևմտահայերեն Վիքիպեդիան բաց է բոլորիս համար։ Վիքիպեդիայի խմբագրման հնարավորություններին ծանոթ բոլոր անձինք կարող են իրենց մասնակցությունը բերել հանրագիտարանի զարգացման գործում։