A
A
«Ոստիկաններն ասել են ՊՊԾ գնդի տարածքում վիրավոր կա, մտեք, ես էլ մտել եմ» (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Սասնա ծռերի» գործով դատավարությունը
Տուժողներից Հովհաննես Հովհաննիսյանը, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ աշխատել է որպես շտապ օգնության բժիշկ, պատասխանելով դատավորի հարցին, թե ինչպե՞ս է հայտնվել ՊՊԾ գնդում, նշեց, որ այդ օրը հերթապահ է եղել։
«Այդ օրը առավոտյան հերթապահությունը ընդունել եմ, գնացել եմ գնդի տարածք, գնդի տարածքում էլ ասել են վիրավոր կա, ներս եմ մտել»։
Ըստ Հովհաննես Հովհանիսյանի՝ ոստիկաններն են ասել, վիրավոր կա, մտեք, ինքն էլ մտել է։
Վիրավորները եղել են Սմբատ Բարսեղյանը և Մխիթար Ավետիսյանը։
«Սմբատը վիրավորված էր որովայնից, իսկ Մխիթարը ճակատային հատվածից։ Առաջին բուժօգնություն եմ ցուցաբերել»,- հավելեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Դատախազի այն հայցին, թե երբ մտել է ներս, բոլորը զինված են եղե՞լ , բժիշկը կոնկրետ պատասխան չտվեց, միայն նշեց՝ ինչքան որ տեսել եմ՝ հա։ Իսկ, թե ինչո՞ւ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո չի լքել տարածքը, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ ներսի ժողովուրդն է ասել, կոնկրետ անուն չտվեց։
Իսկ «Սասնա ծռերի» գործով պաշտպանի այն հարցին, թե բացի Սմբատից և Մխիթարից, որևէ ոստիկանի վիրավորված տեսե՞լ է, բժիշկ Հովհաննիսյանը պատասխանեց՝ չէ։ Բայց ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ հիվանդանոցում է լսել, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը որովայնի շրջանում վնասվածք է ստացել։ Չգիտի, թե ով է նրան տեղափոխել հիվանդանոց։
«Ես Գագիկ Մկրտչյանին տեսել եմ հիվանդանոցում, վիճակը ծանր էր»։
Տուժողին հարցեր ուղղելուց հետո, դատախազը միջնորդություն ներկայացրեց, հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները, քանի որ առկա են էական հակասություններ:
«Մասնավորապես հակասությունները վերաբերում են ոստիկանի բուժօգնություն ցույց տալուն գնդի տարածքում, բացի դրանից Սմբատ Բարսեղյանի վնասվածք ստանալու հետ կապված»,- ընդգծեց դատախազը:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը: Դատախազը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքները:
Գործով մյուս քննվող Տիգրան Գևորգյանը հարգելի պատճառով նիստին ներկա չէր։
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 10-ին