Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պիտի մեր երիտասարդներին պատրաստենք, ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել․ Ս. Գրիգորյան

Մշակույթ

Պատանի հանդիսատեսի թատրոնում  բեմ բարձրացավ «Անմահների երկիրը» ներկայացումը, որի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, իսկ բեմադրիչը Դավիթ Հարությունյանը։ Դրամայի հիմքում ընկած է Երևանից  սահման մեկնած օպերատոր Գարեգինի պատմությունը (նրա կերպարը մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը)։ Վերջինս գնացել է սահմանը պահող տղաների մասին ֆիլմ նկարելու։ Խմբագիրը խոստացել է՝ եթե ֆիլմը նկարի, ուղարկելու է Ամերիկա։ Բայց ճակատագիրը Գարեգինի պլանները խառնում է իրար,  սահմանին տեղի ունեցածից հետո, Գարեգինը հասկանում է՝ հայրենիքից այն կողմ ուրիշ տեղ ապրել չի կարող։ Ներկայացումը դիտելու էին եկել Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված՝ Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի, Ռոբերտ Աբաջյանի, Սասուն Մկրտչյանի մայրերը։ Ներկայացումը հանդիսատեսին դուր էր եկել, դրա մասին էին վկայում անդադար ծափահարությունները։ Լրագրողների հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը նշեց, որ սա իր համար քննություն էր, բարձր է ստացե՞լ, թե՞ ոչ՝ հանդիսատեսը պիտի գնահատի։ «Կարծում եմ, որ նման ներկայացումներ պիտի շատ լինեն, որովհետև ժամանակի հրամայականն է։ Մենք պիտի մեր երիտասարդներին պատրաստենք, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել և մենք պարտավոր ենք գնալ մեր մայրերին, քույրերին պաշտպանել։ Նման ներկայացումները ուժեց ոգի, ամրություն են տալիս երիտասարդներին»։ «Ա1+»-ի հետ զրույցում, Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը կիսվեց իր տպավորություններով։ Ներկայացումը տիկին Գայանեին այնքան էր  դուր էր եկել, որ նա հուզվել էր։ «Այստեղ ստեղծագործող շատ մարդիկ, կոնկրետ Սարգիս Գրիգորյանը ամենաճիշտ և ամենանուրբ ձևով ներկայացրեց այն՝ ինչ որ կատարվում է ռազմի դաշտում»։ Պատգամավոր Հրաչյա Հակոբյանին նույնպես դուր էր եկել ներկայացումը։ Նա շեշտեց՝ թեման սպեցիֆիկ էր։ Թատրոնում առաջնագիծ ներկայացնելը դերասաններին հաջողվել էր։ «Երբ որ ֆիլմով ես այս ամենը հանդիսատեսին փոխանցում, ավելի հեշտ է, բայց թատրոնի միջոցով փոխանցելը շատ դժվար է»։ Հավելենք, որ ներկայացման մեջ խաղացել են նաև դերասաններ Հայկ Սարգսյանը, Աշոտ Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը և  Հովհաննես Հաջինյանը։