Դպրոցական համազգեստ. հատո՞ւկ, թե՞ ըստ ճաշակի
Աջակցիր «Ա1+»-ին27-ամյա երեւանցի Գայանե Գրիգորյանի զգեստապահարանում կա դպրոցական մի համազգեստ, որը նա 2-րդ դասարանում ընդամենը մի քանի շաբաթ է հագել: Համազգեստը պահարանում հայտնվել է 18 տարի առաջ` 1991թ սեպտեմբերից, երբ անկախացավ Հայաստանը: Այդ ժամանակվանից Հայաստանի դպրոցներն անցան այսպես կոչված` ազատ համազգեստի, երբ աշակերտները իրավունք ունեն հագնելու այն, ինչ ցանկանում են:
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի պարտադրում աշակերտին որևէ հատուկ հագուստով գնալ դպրոց: Սակայն ներկայումս Երեւանում քիչ չեն դպրոցները, որտեղ աշակերտները հագնում են միանման համազգեստ:
14-ամյա Սուրեն Դաբոյանը սովորում է Երեւանի թիվ 1 դպրոցում: Ծնողական կոմիտեի եւ մանկավարժական խորհրդի որոշմամբ` այստեղ աշակերտները կրում են միանման համազգեստ:
«Երբ որ բոլորը նույն համազգեստն են հագնում, ավելի նման են իրար: Երբ չկա միանման համազգեստ, ու մեկը բոլորից լավ է հագնվում, ապա մյուսները կաշկանդվում են»,-ասում է Սուրենը:
Թիվ 146 դպրոցի աշակերտուհի 15-ամյա Աստղիկ Թադեւոսյանը պատմում է, որ իրենց դպրոցում միանման համազգեստ չեն կրում: «Ես շատ կուզենայի, որ հագնեինք, ավելի դպրոցականի տեսք կունենայինք»,-ասում է նա: Իսկ ինչո՞ւ նման առաջարկություն չես անում` հարցին` Աստղիկն ասում է, որ աշակերտների մի մասը դեմ են, ու դրա համար էլ իրենց դպրոցում հատուկ համազգեստ չի ներդրվել:
Իսկ 14-ամյա Սեդա Ղազարյանը, ով սովորում է թիվ 161 դպրոցում, ուրախ է, որ իրենց դպրոցում միանման համազգեստ հագնելու որոշում չկա: «Ես այժմ ինչ ուզեմ` կարող եմ հագնել: Եթե համազգեստ լիներ, ապա ամեն օր նույն բանը պետք է հագնեի»,- նշում է Սեդան:
Դպրոցական համազգեստի հարցը կարելի է ասել հասարակության` դպրոցի հետ անմիջական առնչություն ունեցող հատվածին 2 մասի է բաժանել` հատուկ եւ ազատ համազգեստի կողմնակիցներ: Յուրաքանչյուր խումբն այս դեպքում բերում է իր փաստարկներն ու հակափաստարկները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Դոխոլյանը համարում է, որ սխալ է երեխային այն տարիքում, երբ նոր ձեւավորվում է նրա ճաշակը, պարտադրել հագնել հատուկ հագուստ: Ինչ վերաբերում է սոցիալական բեւեռացմանը, որը հստակ երեւում է նաեւ հագուստից, ապա. «Մարդը կարող է ապրել շատ վատ, բայց լինել շատ ճաշակով: Գնային առումով գուցե նրա հագուստը զիջի, բայց ճաշակով գերազանցի»:
Երեւանի 99 դպրոցի աշակերտները հագնում են միանման դպրոցական հագուստ:
«Չկա պարտադրանք, դպրոցը այդպիսի իրավունք չունի: Ծնողական կոմիտեն է որոշել` ինչ հագնել, բայց էլի պարտադրված չէ»,-ասում է դպրոցի փոխտնօրեն Կարեն Ասատրյանը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համազգեստի ծախսերը հոգում է դպրոցը: Պարոն Ասատրյանը կողմ է դպրոցական համազգեստին, քանի որ. «Միանման համազգեստի դեպքում հարուստն ու աղքատը չեն երեւում: Բացի այդ դպրոցական համազգեստը ավելի էժան է նստում, քանի որ ծնողները կարել են տալիս, ու նաեւ երեխաները ամբողջ տարին են հագնում, ամեն օր նորը չեն գնում»: Ըստ Կարեն Ասատրյանի` դպրոցական համազգեստ կարելու համար իրենց դպրոցի ծնողները ծախսում են 5000-6000 դրամ: Մինչդեռ շուկայում այդ գնով կարելի է գնել ընդամենը մեկ վերնաշապիկ:
Սակայն ոչ բոլոր դպրոցներում են այդքան գումար հավաքում համազգեստի համար: Դպրոցական հատուկ համազգեստ կարելու համար ծնողները վճարում են մինչեւ 35000 դրամ:
«Ուսում» մասնավոր դպրոցի առաջին դասարանցի Միքայել Գրիգորյանի ծնողները հրաժարվել են վճարել 25000 դրամ իրենց որդու դպրոցական համազգեստի համար:
«Ամուսինս զայրացել էր. ասում էր` հազիվ ենք ձերբազատվել միանմանից, հիմա նորից: Ես էլ եմ դեմ միանման հագուստին: Բացի այդ շատ թանկ էր. այդ գումարով մի քանի կտոր հագուստ կարելի է առնել: Հետո էլ պետք է գոնե երկու համազգեստ գնեինք, որովհետեւ առաջին դասարանցու համար մի հագուստը քիչ է. անհնար է ամեն օր այդ հագուստը լվանալ, որ նա հագնի»,-ասաց Միքայելի մայրը` Ռուզանը:
Որպեսզի Միքայելը շատ չտարբերվի իր դասընկերներից, նրան ծնողները տեղափոխել են մի դպրոց, որտեղ աշակերտները ազատ են համազգեստի հարցում:
«Եթե դպրոցը գտնում է հարմար տվյալ հագուստը հագնել, իսկ ծնողները դեմ չեն, այսինքն` ֆինանսական առումով ծնողներին ձեռնտու է, ապա Նախարարությունը չի խառնվում»,-ասում է ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նախարարությունը միջամտում է, երբ բողոքներ են լինում: Նմանատիպ բողոք ծնողներից ստացվել էր 2 տարի առաջ Արմավիրի մարզից, երբ մարզպետարանից ստիպել էին գնել հատուկ համազգեստ բավականին թանկ գներով, ընդ որում` անորակ: Նարինե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ԿԳՆ միջամտությունից հետո աշակերտներն արդեն համազգեստը գնում են ըստ ցանկության:
Ի դեպ, արմավիրցի մի ծնող` տիկին Անժելան, մեզ հետ զրույցում ասաց, որ կան խոսակցություններ, որ այս ուստարում էլ է պարտադրանքը կիրառվելու: Սակայն այդ հայտնի կդառնա օգոստոսի վերջին, երբ ավարտվեն ամառային արձակուրդները: Ասում են, թե դպրոցակական համազգեստ կարել եւ վաճառելը Արմավիրի մարզպետի եւ մարզպետարանի Կրթության վարչության պետի ընտանիքների բիզնեսն է:
«Այգ» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը ասում է, որ դպրոցական համազգեստը ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ: «Հագուստն այս դեպքում հոգեբանական այն դերն է խաղում, երբ այն կրողը իրեն համարում է տվյալ խմբի անդամ»,-ասում է հոգեբանը: Սակայն սա չի նշանակում, թե ազատ համազգեստ կրող աշակերտները իրենց դպրոցական չեն զգում: Ըստ հոգեբանի` ավելի կարեւոր է, որ անկախ իր հագուստից աշակերտը դպրոցի շեմից արդեն իրեն զգա տվյալ կրթօջախի սան: Ռուբեն Պողոսյանը չի բացառում հագուստի ազդեցությունը ուսումնառության գործընթացի վրա, սակայն այն էական չէ:
«Ինձ որպե նախարար այնքան էլ չի հետաքրքրում` ինչ հագուստով են դպրոց գնում աշակերտները, ինձ ավելի հետաքրքրքում է կրթության բովանդակային մասը»,-ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա` իհարկե, լավ կլիներ, որ գոնե լիներ գունային միանման գամայի մեջ համազգեստ եւ աշակերտին վայել` ոչ շատ բաց: Սակայն Արմեն Աշոտյանը ենթադրում է, որ այն պահից, երբ համազգեստի վերաբերյալ Նախարարությունը որոշում կայացվի, կսկսվեն իր հասցեին քննադատությունները, ընդդհուպ այն աստիճանի, որ այդ կհամարվի իր բիզնեսը: Ուստի ԿԳ նախարարը գերադասում է առայժմ համազգեստի ընտրության խնդիրը թողնել դպրոցների ուսերին: