Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աիդան» նորից բեմադրվելու է

Մշակույթ

Վերդիի «Աիդա» օպերան Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 20-25 տարի է` չի բեմադրվել: Պատճառն, ըստ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի`1990-ականներ էին, երբ ոչ միայն համապատասխան ֆինանսական միջոցներ չկային, այլեւ պայմաններ: Օրինակ` չջեռուցվելու պատճառով օպերային թատրոնը 13 տարի աշխատել է միայն ամռանը:

Մշակույթի նախարարության եւ Իտալիայի դեսպանատան աջակցությամբ արդեն 2 շաբաթ է` Երեւանում է իտալացի աշխարհահռչակ օպերային ռեժիսոր Մարիո Կորրադին: Նրա բեմադրությամբ եւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի մասնակցությամբ արդեն սկսվել են «Աիդա» օպերայի նախապատրաստման աշխատանքները: Ստեղծագործական անձնակազմը նախատեսում է դեկտեմբերին սկսել օպերայի բեմադրման փորձերը, իսկ արդեն 2010թ. փետրվարի 12-ին հանդիսատեսի դատին օպերան կներկայացվի ամբողջությամբ:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հասմիկ Պապյանը` աշխարհում «Աիդա» օպերան տարբեր կերպ է մեկնաբանվել` թե ավանդական, թե ժամանակակից, թե խենթ այլ տարբերակներով: Երեւանյան պրեմիերան կլինի նշվածների միջին տարբերակը:

Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին եւս ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը եւ նշեց, որ, ճիշտ է, ինքը դեռեւս մեկ ու կես ամիս է Հայաստանում, սակայն հասցրել է մոտիկից ծանոթանալ թե հայկական մշակույթին, թե հատկապես օպերային արվեստին: Նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել ոչ միայն «Աիդա» օպերայի բեմականացմանը, այլեւ իր խոսքերով` երեւանյան «օպերային ռեպերտուարի զարգացմանը»:

«Աիդա» օպերայի բյուջեն դեռեւս չի որոշվել. քննարկումները շարունակվում են. գումարներ կընդգրկվեն թե պետբյուջեից, թե հովանավորներից: Թե ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թե օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը միանշանակ ընդգծեցին, որ բեմադրել «Աիդա» օպերան, այդ բավականին մեծ բարդություններ է իրենից ենթադրում: Բեմի վրա մոտ 400 մարդ է մասնակցելու, որոնց թվում` նաեւ մոտ 120 վարձու աշխատողներ, օրինակ` զինվորականներ: Նրանց բոլորի համար, ըստ Կամո Հովհաննիսյանի` պետք է հատուկ հագուստներ կարվեն, աշխատանքային գրաֆիկ սահմանվի:

Ռեժիսոր Մարիո Կորրադին էլ իր խոսքում նշեց, որ գալով Երեւան`իր համար այստեղ մի նոր աշխարհ է բացել: Նրան հատկապես դուր են եկել մեր օպերային երգիչների ձայները, թեեւ նրանք, ռեժիսորի կարծիքով, միայն մի թերություն ունեին`այնքան էլ վարժված չէին իտալական առոգանությանը: Այժմ նա հայ երգիչների հետ պարապում է կոնկրետ այդ ուղղությամբ: Մարիո Կորրադին նաեւ նշեց, որ, ճիշտ է, երկու շաբաթ է Հայաստանում է, սակայն հասցրել լինել Սեւանում, Գառնիում մասնակցել հայկական խնջույքի ու շատ գոհ մնացել Հայաստանից: