Սերգեյ Սոլովյով. «Ես հիացած եմ Հայաստանով»
Աջակցիր «Ա1+»-ին«Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե ֆիլմն ինչի մասին է. նա այն մասին է, թե մեզ հետ ինչ կատարվեց 1987թ. սկսած, երբ ցուցադրվեց «ԱՍՍԱ-1»-ը»,- «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ, խոսելով «2-ԱՍՍԱ-2» ֆիլմի երեւանյան ցուցադրման մասին, նշեց ռուս հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սերգեյ Սոլովյովը:
«2-ԱՍՍԱ-2» ֆիլմը 1987թ. ցուցադրված «ԱՍՍԱ-1»-ի շարունակությունն է, սակայն վերջին 20 տարում կատարված փոփոխություններով: «Ես չեմ կարող ասել, որ այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, շատ գեղեցիկ ու լավ էր, հրաշալի էր: Ես չեմ կարող ասել նաեւ, որ այդ ամենը սարսափելի ու ահավոր էր: Իհարկե, իրականության պատկերը տխուր է, բայց դրա մասին բոլորս էլ գիտենք ու համակերպվել ենք»,- ասում է մեծանուն ռեժիսորը:
Նա իր ֆիլմը նկարագրում է այսպես` ֆիլմ ֆիլմի մասին, որտեղ հերոսները, մասնակցելով «Աննա Կարենինա» ֆիլմի նկարահանումներին, զուգահեռների միջոցով բացահայտում են ժամանակի ոգին ու բացում մարդկային հոգեբանության խորը առանձնահատկությունները: Ֆիլմի հերոսուհին հանցագործ է, որին, սակայն, հնարավորություն է ընձեռնվում նկարահանվել Աննա Կարենինայի դերում: Խաղալ Աննայի դերը, հերոսուհու համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ բանտում անցկացրած օրերին Տոլստոյի այս հերոսուհին եղել է իր հոգեվիճակին մոտ ու հարազատ: Ի դեպ, Աննայի դերը կատարում է Տատյանա Դրուբիչը` Սերգեյ Սոլովյովի կինը:
Ֆիլմի երեւանյան ցուցադրմանը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Ինչպես նշեց Սերգեյ Սոլովյովը` ֆիլմի համաշխարհային պրեմիերան ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում` իր հարազատ Միխայլովյան թատրոնում: Սակայն երեւանյան ցուցադրումը առաջիններից մեկն է: «Ինձ համար շատ հաճելի է Երեւանում իմ ֆիլմերի առաջին ցուցադրումներն անել: Այստեղ էլ եմ ունեցել իմ այլ ֆիլմերի առաջին ցուցադրումներ: Օրինակ` 8 տարի առաջ «Քնքուշ տարիք» ֆիլմիս առաջին ցուցադրումը եւս այստեղ`«Մոսկվա» կինոթատրոնում եղավ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հայ կինոգործիչների հետ համագործակցությանը, ապա նրա ասելով` դեռ ոչ մի ռեալ ծրագիր կազմած չունի. «Համատեղ կինոարտադրություն դեռեւս չգիտեմ`կլինի, թե ոչ, քանի որ դեռեւս ռեալ խոսակցություններ այդ մասին չեն եղել»: Սակայն Հայաստանի հետ կապված, Սոլովյովի վստահեցմամբ` ծրագրեր ունի. «Ես ցանկանում եմ իմ մտերիմ ընկեր Ռոման Բալայանի հետ այսօր, վաղը եւս մեկ անգամ ման գալ Հայաստանով: Սա է իմ ամենագլխավոր պլանը»:
Իսկ հայ կինոարվեստի գործիչներին նա ցանկանում է, որպեսզի «այն մարդկանց սերը, որոնք սիրում են կինո ստեղծել, շարունակի արթուն մնալ»: «Ամենագլխավորը նաեւ այն է, որ հանդիսատեսի սերը կինոյի նկատմամբ Հայաստանում եւս շարունակի արթուն մնալ եւ բազմապատկվել»,- ավելացրեց մեծանուն ռեժիսորը: