Արշակյանները կլինեն եզրափակիչում
Աջակցիր «Ա1+»-ինԻնգա եւ Անուշ Արշակյանների եզրափակիչ դուրս գալը խիստ հավանական է: Նման կարծիք ունեն միջազգային բուքմեյքերական գրասենյակները, որոնք խաղադրույքներ են ընդունում «Եվրոտեսիլ-2009» երգի մրցույթի կապակցությամբ:
Այսօր երեկոյան Մոսկվայում կայանալու է առաջին կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան 18 երկրների ներկայացուցիչներ, որոնք պայքարելու են եզրափակիչի 10 ուղեգրերի համար: Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի տասնյակում հայտնվելու հավանականությունը բուքմեյքերները գնահատել են ընդամենը 1.15 գործակցով, իսկ ահա եզրափակիչից դուրս գալու համար սահմանվել է բավական բարձր 6.00 գործակից:
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում ֆավորիտը Թուրքիան է, որի հաղթանակի համար սահմանվել է 1.90 գործակից: 4.20 գործակցով 2-րդը Բոսնիան է, իսկ լավագույն եռյակը 6.00 գործակցով եզրափակում է Մալթան: Այն որ կիսաեզրափակիչում 1-ին հորիզոնականում կհայտնվեն Ինգա եւ Անուշ Արշակյանները, սահմանվել է 12. գործակից:
Բուքմեյքերները արդեն խաղադրույք են ընդունում, թե ով է դառնալու եզրափակիչի հաղթող: Այստեղ ֆավորիտը Նորվեգիան է 2.20 գործակցով: Հաջորդը Ֆրանսիան է 4.20 գործակցով: Ֆրանսիան այս տարի ներկայացնելու է հանրահայտ երգչուհի Պատրիսա Կասը, որին մասնագետներից շատերը համարվում են հաղթողի գլխավոր հավակնորդ: Հայաստանի հաղթանակը «Եվրատեսիլ-2009»-ում այս տարի այնքան էլ հավանական չի համարվում: Համենայնդեպս, բուքմեյքերները Հայաստանի համար սահմանել են բավական բարձր 17.00 գործակից:
Հիշեցնենք, որ նախորդ 3 տարիներին Հայաստանի ներկայացուցիչները եղել են լավագույն տասնյակում: 2006 եւ 2007 թթ. Անդրեն եւ Հայկոն հանգրվանել են 8-րդ հորիզոնականում, իսկ 2008 թ. Սիրուշոն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ի տարբերություն նախորդ մրցույթների` այս անգամ հեռուստադիտողների հետ միասին հաղթողների որոշելու է նաեւ ժյուրին: