Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

“Բարեւ, մահ ջան”

Մշակույթ

"Անգլիացի գիտնական Օբրի դը Գրեյը հայտարարել է, որ մոտակա 20-30 տարիներին մարդու կյանքը հնարավոր կլինի երկարացնել 1000 տարով",-"Բարեւ ,մահ ջան" մենաներկայացման կոնֆլիկտը սկսվում է հենց այս նախադասությունից:

Ներկայացման հեղինակ, բեմադրիչ ու դերասան Գարիկ Հովհաննիսյանը նշում է, որ իր էքսպերեմենտալ ներկայացումը երբեք չի կրկնվում եւ ամեն անգամ նույն սցենարով ինքը տարբեր ներկայացումներ է խաղում:

"Ես հյուրընկալում եմ հանդիսատեսին ինձ մոտ, նրանց ամեն արձագանքին իմպրովիզներով պատասխանում: Ես խաղում եմ տարբեր հերոսների: Ես իրար դեմ եմ հանում այդ հերոսներին: Ես զանգում եմ մահին: Ես պարզում եմ, որ իմ մյուս "ես"-ը ծնվել է հարեւանուհոց, ում հետ անընդհատ վեճեր կան",-"Ա1+"-ի հետ զրույցում կիսվեց Գարիկը:

ՆՓԱԿ-ի նոր խաղաշրջանում էքսպերեմենտալ ներկայացումներից մեկը հենց Գարիկի հերոսի անկեղծացումն է բեմին:

"Սկզբից ուզում էի "Գիժը" ներկայացումը դնել: Չստացվեց: Ու իմ նոր "Բարեւ, մահ ջան"-ի մեջ ես պատմում եմ, թե ինչպես եղավ, որ չստացվեց այդ ներկայացումը:
Դրամատուրգիական խաղ չկա, ես պարզապես սիրահարվել էի ու էդպես էլ չկարողացա ավարտին հասցնել իմ պիեսը կամ գրել էն պիեսը, որը ես էի ուզում",-պատմում է հեղինակը: Նա ասում է, որ սիրային իր պատմությունը մի նամակով ավարտվեց, որ նա նա գրել էր իր սիրած աղջկան:

"Նամակը ավելի շատ մնաց ինձ մոտ: Վերեւում գրել էի "Բարեւ կյանք": Դե հակառակը "Բարեւ, մահն" է: Մահը սկզբունքորեն վատ բան չէ, ինչո՞ւ ջան չասենք: Ու այսպես ստեղծվեց պիեսը "Բարեւ, մահ ջան" վերնագրով",-պատմում է Գարիկը եւ նշում, որ իր գրած բոլոր ներկայացումների մեջ էքսպերեմենտալ տարրերը միշտ գերակշռում են:

26 -ամյա Գարիկը ասում է, որ որպես գյուղից մայրաքաղաք եկած երիտասարդ ինքը բավական փորձաշրջան է անցել ու բժշկական համալսարանը դժվարությամբ ընդունվելուց հետո դուրս է եկել այնտեղից` փորձելով իրեն բանասիրության մեջ: "2 անգամ էլ չստացվեց ընդունվել համալսարան, բայց լրիվ պատահական Կամերային թատրոն աշխատանքի ընդունվեցի որպես բեմի բանվոր: Սիրեցի թատրոնը, էդ ժամանակ արդեն գրում էի: Հետո 10 օր «Հայֆիլմ» կինոստուդիա, հետո գնա ինձ ՆՓԱԿ-ում",-պատմում է նա: Իր փորձերից է եղել բեմական պոեմ գրելը, որը "Դեռահաս սեր" է կոչվում եւ ամբողջը բջջայինի հեռախոսի խոսակցություն է: Հեղինակի գործերից է նաեւ "Բարեւ ու մնացածը" ներկայացումը: