Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մահացավ վերջին մոհիկանը»

Մշակույթ

77 տարեկան հասակում այսօր առավոտյան, ժամը 6.30-ին կյանքից հեռացավ Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նա մոտ չորս ամիս ծանր հիվանդ էր:

«Մեծ հայ, երեւի այդ սերնդի վերջին մոհիկանը»,- այս խոսքերով է բնորոշում ժամեր առաջ վախճանված Հենրիկ Իգիթյանին Գեղագիտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը:

Վերջինս, որ շուրջ 10 տարի աշխատել է փայլուն արվեստաբանի հետ, նրան անվանեց ֆենոմենալ մարդ:

«Սովորաբար վախճանված մարդու հետեւից կամ լավն են խոսում, կամ ընդհանրապես չեն խոսում, բայց սա այդ դեպքը չէ: Նա իրոք մեծատաղանդ մարդ էր: Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր: Արվեստը ճիշտ ընկալող, ճիշտ գնահատող, հատկապես մանկական արվեստը: Առաջին անգամ ինքը մանկական արվեստը աշխարհին ներկայացրեց, եւ միակ մանկական թանգարանը, որ ստեղծվեց, նրա օրոք ստեղծվեց, ինքը ստեղծեց: Ժամանակակից արվեստի թանգարանը իր ջանքերով է ստեղծվել, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- գործընկերոջ մասին «Ա1+»-ին ասաց Մանվել Խաչատրյանը' ավելացնելով, որ Հենրիկ Իգիթյանի աշխարհընկալումը տարբերվում էր մյուսներից:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ կարծիք հայտնեց. «Այսօր հեռացավ մի անձ, որը զգալի հետք թողեց հայ կերպարվեստի կյանքում' 20 դարում եւ մասամբ 21 դարում: Մարդ էր, որ իր ամբողջ էներգիան նվիրեց կերպարվեստի զարգացմանը: Շատ բազմազան էր իր մտածելակերպն ու իր ուղղությունները կերպարվեստում' հաճախ եւ հակասական, բայց դա խոսում է իր մեծության մասին»:

Ի դեպ, այսօր կառավարության նիստ է լինելու, կառավարական հանձնաժողով է ստեղծվելու, որը կորոշի, թե Հենրիկ Իգիթյանի քաղաքացիական հոգեհանգիստը երբ, որտեղ, ինչպես է անցկացվելու:

«Ա1+»-ը ցավակցում է նրա ընտանիքին, ընկերներին, արվեստասերներին: