«Սպարտակի» վերադարձը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը` ռուս անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ:
Նա դեռ փետրվարի վերջին ժամանել էր Երևան եւ անձամբ գլխավորում էր ներկայացման փորձերը:
«Սպարտակ» ներկայացման շրջանակներում աշխատում է շուրջ 90 արտիստ` այդ թվում եւ «Բարեկամություն» անսամբլի մենապարողները: Սպարտակի դերի համար ընտրվել են 2 մենակատարներ` Ռուբեն Մուրադյան եւ Սևակ Ավետիսյան:
Ի դեպ, «Սպարտակի» պրիեմերան դիտելու համար Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել նաեւ Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան:
«Սպարտակը» բեմում կլինի այսօր եւ վաղը, իսկ երեկ տեղի ունեցավ «Սպարտակ»-ի գլխավոր փորձը:
«Չնայած դժվարություններին, կարծում եմ, որ ներկայացումը ստացվել է»,- գլխավոր փորձից հետո ասաց ռուս անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը: Իսկ
Սպարտակի դերակատարներից 20-ամյա Ռուբեն Մուրադյանը հավելեց, թե շատ երջանիկ է, որ Սպարտակ է խաղալու. «Երբ մի անգամ Սոչիում Յուրի Նիկոլաեւիչի հետ հանդիպեցինք մրցույթի ժամանակ, այն ժամանակից մեզ թվում էր, որ մենք հեքիաթում ենք գտնվում, որովհետեւ աշխատել լեգենդի հետ, ինչպիսին Յուրի Գրիգորովիչն է, մեզ համար երջանկություն էր»:
Իսկ ինչ վերաբերվում է կերպարին, ապա, ըստ Ռուբեն Մուրադյանի, իրենք ներկայացմանը պատրաստվել են շատ քիչ ժամանակահատվածում` շուրջ երկու ամիս. «Այդ ժամանակահատվածում չգիտեմ լավ, թե վատ, հանդիսատեսը կասի, կգնահատի, համենայն դեպս, կերպարը մեզ համար շատ դժվար էր եւ միարժամանակ շատ հաճելի»:
Ի դեպ, Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետը գրել է 1954 թ.-ին եւ արժանացել է Լենինյան մրցանակի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը Մոսկվայի «Մեծ թատրոն»-ում «Սպարտակ» բեմադրել է դեռեւս 1958 թ.-ին:
Նաեւ նշենք, որ «Սպարտակ» բալետի տոմսերն արժեն 2000-ից 8000 դրամ: